ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Հայաստանի ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի 5 մարզիկներ մեդալներ են նվաճել Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում անցկացվող Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում: Տեղեկությունը հայտնում է ԿԳՄՍՆ մամուլի ծառայությունը։
«Չեմպիոնի կոչմանն արժանացել և ոսկե մեդալներ են նվաճել Վրեժ Գևորգյանն (61 կգ) ու Գևորգ Մխեյանը (70 կգ): Հրաչյա Մարգարյանը (65 կգ) և Ռազմիկ Սիմոնյանը (79 կգ) դարձել են արծաթե, իսկ Առաքել Մովսեսյանը (57 կգ)՝ բրոնզե մեդալակիրներ»,– նշված է հաղորդագրության մեջ:
Հայաստան վերադառնալուց հետո հայ ըմբիշներին պարգևատրել է ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ, Հայաստանի պատվիրակության ղեկավար Կարեն Գիլոյանը:
Նշենք՝ չորս տարին մեկ անցկացվող խաղերին մասնակցելու իրավունք ունեն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 88 լիիրավ անդամ և դիտորդ պետությունների 18-35 տարեկան ֆրանսախոս երիտասարդները: Այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել 38 երկիր, այդ թվում՝ Հայաստանը (արդեն 4-րդ անգամ): Հայաստանը 2009 թվականից ակտիվորեն մասնակցում է Ֆրանկոֆոնիայի խաղերին: