ԵԽԽՎ նախագահը կոչ է արել փաստահավաք առաքելություն ուղարկել Լեռնային Ղարաբաղ

Թինի Քոքս
Քոքսը Ադրբեջանին ու Հայաստանին հորդորել է կատարել 1991 թվականին ստանձնած պարտավորությունները։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. Հաշվի առնելով Լեռնային Ղարաբաղում հումանիտար և մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի հետագա վատթարացումը՝ անհրաժեշտ է փաստահավաք առաքելություն ուղարկել։ Այս հայտարարությունն արել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի ղեկավար Թինի Քոքսը։ Կազմակերպության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Քոքսը հիշեցրել է հունիսի 20-ին Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեին ուղղված խնդրանքը՝ առաքելությունը հնարավորինս արագ կազմակերպելու համար։
Ըստ Քոսքի` առաքելությունը պետք է գնահատի այն իրավիճակը, որում հայերն ապրում և տառապում են Լաչինի միջանցքով ազատ և անվտանգ մուտքի բացակայության պատճառով` սկսած 2022 թվականի դեկտեմբերի 12-ից։
«Ես միանում եմ 2023 թվականի հուլիսի 28-ին Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հնչեցրած երկխոսության կոչին և հորդորում եմ ինչպես Ադրբեջանին, այնպես էլ Հայաստանին, որպես Եվրոպայի խորհրդի անդամ պետություններ վերջապես կատարել 1991 թվականի անդամակցությամբ ստանձնած իրենց փոխադարձ պարտավորությունները՝ լարվածության թուլացման և խաղաղության վերականգնման ուղղությամբ»,– նշված է Քոքսի հայտարարության մեջ։
Հիշեցնենք` հունիսի 26-ին ԵԽԽՎ նախագահը հայտարարել էր, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի բնակիչների հետ չի կարող անել այն, ինչ ուզում է։ Նա շեշտել էր, որ Լաչինի միջանցքը փակ է, և դրանով Ադրբեջանը խախտում է իր պարտավորությունները։ Ուստի ԵԽԽՎ-ն վճռականորեն պահանջել էր Բաքվից կատարել իր պարտավորությունները և անհապաղ բացել միջանցքը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող բուժառուներն այս ընթացքում Արցախից Հայաստան են տեղափոխվում ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Նրանցից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։