ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. Ինչպե՞ս կարող է օգնել արհեստական բանականությունը հայաստանցի վարորդներին։ Օրինակ` պատահարի դեպքում օգնել արագ կողմնորոշվել` որքան է վնասի չափն ու հասկանալ` հարցն ինքնակարգավորման դաշտո՞ւմ է, թե՞ իրավասու մարմիններին է պետք դիմել։ Այսպես առաջին անգամ հայաստանյան ապահովագրական շուկայում արհեստական բանականության հնարավորություններն օգտագործվում են մեքենային պատճառված վնասի գնահատման համար։
Վնասված ավտոմեքենա
© Sputnik / Aram Nersesyan
Սևան ստարտափ սամիթում «Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերությունն էլ իր ստարտափն էր ներկայացնում։ Սամիթյան տարածքում կանգնեցված էր այն վթարված մեքենան, որի վրա, այսպես ասած, սովորեցրել են արհեստական բանականությանը` ճանաչել վնասված հատվածը, վերլուծել ու գնահատել։ Փորձնական ծրագիրը ներդրված է ընկերության բջջային հավելվածում, ցանկացողները մոտենում էին, լուսանկարում մեքենայի վնասված առանձին հատվածներ։ Դրանից հետո արհեստական բանականությունն արագ հաշվարկ էր անում և առաջարկում պատճառված վնասի չափը։
«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական ընկերության թիմը ներկայացնում է ծրագիրը
© Sputnik / Aram Nersesyan
Ծրագիրը բավականին մեծ հետաքրքրությամբ ընդունվեց նաև ՏՏ համայնքի կողմից։
Առայժմ գործարկված է միայն ծրագրի դեմո տարբերակը։ Հետագայում, երբ ծրագիրը լիարժեք ներդրվի, ճանապարհատրանսպորտային պատահարի դեպքում անհրաժեշտ է լինելու նկարել մեքենայի վնասված հատվածները, հետո արհեստական բանականությունը վերլուծելու է տվյալները և առաջարկելու է պատճառված վնասի գնահատված չափը։ Մինչև 200 հազար դրամ վնասի դեպքում վարորդները կարող են ինքնուրույն կարգավորել հարցը, նշանակում է` արագ ազատել ճանապարհն ու խուսափել խցանումներից։
Մեքենայի վնասված հատվածի սկանավորում
© Sputnik / Aram Nersesyan
Նշենք, որ Սևան ստարտափ սամիթը մի քանի տարվա դադարից հետո այս տարի կրկին անցկացվում էր Սևանա լճի ափին։ Այս տարվա մայիսի 2-ին «Ստարտափ Արմենիա» հիմնադրամը և «Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ-ը կնքեցին տարածքի վարձակալության երկարաժամկետ պայմանագիր (25 տարի ժամկետով), որով «Սևան ստարտափ սամիթ» ամենամյա վրանային բիզնես ֆորումի անցկացման համար հատկացվեց նոր տարածք Սևանա լճի ափին՝ Դարանակ գյուղին հարակից ափամերձ հատվածում։ Այս տարի սամիթն անցկացվեց հուլիսի 23-29-ը։
Միջոցառմանը մասնակցում էին ՏՏ համայնքի ներկայացուցիչներ ոչ միայն Հայաստանից, այլև աշխարհի տարբեր երկրներից։