Անկարան Արևմուտքից ՌԴ-ի վերաբերյալ երաշխիքներ է պահանջում «հացահատիկային գործարքի» համար

Արխիվային լուսանկար
Թուրքիան Արևմուտքի մի շարք երկրների հետ բանակցություններ է վարում «հացահատիկային գործարքի» վերսկսման շուրջ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի - Sputnik. «Հացահատիկի գործարքին» Ռուսաստանի վերադառանալու հույսեր կան՝ ռուսական ագրոարտադրանքի արտահանման խոչընդոտները վերացնելու վերաբերյալ Արևմուտքի երաշխիքների պայմանով։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Անկարայում բանակցություններին մասնակցող աղբյուրին։
Նրա խոսքով ՝ Անկարան արևմտյան գործընկերներից հենց դա է ձգտում ստանալ, սակայն այս փուլում որևէ կանխատեսում չի կարելի անել։
«Մի շարք բանակցություններ են ընթանում արևմտյան երկրների հետ, թե ինչպես կարելի է վերսկսել Սևծովյան հացահատիկային նախաձեռնության աշխատանքը։ Ես հիմա չեմ ուզում խորանալ ՄԱԿ-ի կողմից համակարգվող գործընթացի մանրամասների մեջ, սակայն շատ ակտիվ, լուրջ աշխատանք է ընթանում»,-ասել է գործակալության զրուցակիցը։
Նրա խոսքով՝ իրավիճակը լիովին կախված է ռուսական արտահանման արգելքները վերացնելու Արևմուտքի պատրաստակամությունից։
Բացի այդ, ըստ աղբյուրի, Անկարան առաջիկայում նախատեսում է բարձր մակարդակով Մոսկվայի հետ քննարկել կարիքավոր երկրների համար պարենի առաքման և մշակման կոնկրետ տարբերակներ: Այս հարցում արդեն որոշ զարգացումներ կան։
Հիշեցնենք` Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրեցին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում էր ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանումը Սև ծովով երեք նավահանգիստներից` ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում էր Ստամբուլում տեղակայված Համատեղ համակարգող կենտրոնը։
Հացահատիկային նախաձեռնությունը փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մաս էր կազմում։ Երկրորդ մասը՝ Ռուսաստան-ՄԱԿ հուշագիրը, որը նախատեսված էր երեք տարվա համար, նախատեսում էր Ռուսաստանից պարենի և պարարտանյութերի արտահանման ապաշրջափակում, հիմնական խնդիրների թվում նշվում էր «Ռոսսելխոզբանկի» վերամիավորումը SWIFT-ին, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի և սպասարկման մատակարարումների վերսկսումը, «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի աշխատանքի վերականգնումը և մի շարք այլ միջոցառումներ: Մոսկվայում նշում են, որ փաթեթային պայմանավորվածության այդ մասը չի կատարվել։
«Պատրաստ ենք 25-50 հազար տոննա հացահատիկ անվճար մատակարարել Աֆրիկայի երկրներ». Պուտին
Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, որ Արևմուտքը ուկրաինական հացահատիկի մեծ մասն արտահանում է իր երկրներ, իսկ գործարքի գլխավոր նպատակը՝ հացահատիկի մատակարարումը կարիքավոր երկրներին, այդ թվում՝ աֆրիկյան պետություններին, այդպես էլ չի իրականացվել։
Հացահատիկի գործարքը դադարեցվեց հուլիսի 18-ից, սակայն ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է` Ռուսաստանն անհապաղ կվերադառնա դրա իրականացմանը, երբ գործարքի՝ ՌԴ–ին առնչվող հատվածն իրականացվի։ Պուտինն ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանի նկատմամբ գործարքի պայմանները չեն կատարվել՝ չնայած ՄԱԿ-ի ջանքերին, քանի որ արևմտյան երկրները չեն պատրաստվում կատարել խոստումները: