Ալեն Սիմոնյանն Արցախի հարցով նամակ է ուղարկել միջազգային խորհրդարանական կառույցներին

Ալեն Սիմոնյան
Խորհրդարանի ղեկավարը թվարկել է այն քայլերի հաջորդականությունը, որոնց արդյունքում հնարավոր կլինի փոխել իրավիճակը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 31 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պաշտոնապես դիմել է միջազգային խորհրդարանական հեղինակավոր կառույցների ղեկավարներին, միջազգային գործընկերներին և տարբեր երկրների խորհրդարանների ղեկավարներին` ուշադրություն հրավիրելով 8 ամիս շարունակ Լաչինի միջանցքի արգելափակման հետևանքով ստեղծված ծանր իրադրությանը: Տեղեկությունը հայտնում է ՀՀ ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունը։

Գրության մեջ մանրամասներ են ներկայացվում Լեռնային Ղարաբաղում շրջափակման հետևանքով բնաջնջման իրական վտանգի առջև հայտնված 120.000 հայ բնակչության վիճակի մասին, այդ թվում` բնական գազի և էլեկտրաէներգիայի մատակարարման խափանումը, հունիսի 15-ից նույնիսկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի մարդասիրական մուտքն արգելելը, անգամ առաջին անհրաժեշտության ապրանքների մատակարարման դադարեցումը:

ՀՀ ԱԺ նախագահը նաև նշել է, որ հուլիսի 26-ին ՀՀ կառավարությունը 360 տոննա մարդասիրական բեռ է ուղարկել Լեռնային Ղարաբաղ, սակայն Ադրբեջանի իշխանությունները թույլ չեն տալիս 19 բեռնատարից բաղկացած ավտոշարասյան մուտքը Լաչինի միջանցքով Ստեփանակերտ։
«Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ստեղծած հումանիտար աղետը ցույց է տալիս, որ առանց կենսունակ միջազգային մեխանիզմի ոչ մի հայ չի կարող գոյատևել Լեռնային Ղարաբաղում: Մենք մեծապես կարևորում ենք գործընկեր խորհրդարանների և միջազգային կազմակերպությունների կողմից արված հասցեական և օբյեկտիվ գնահատականներն ու ջանքերը` ուղղված խաղաղության օրակարգին և մեր տարածաշրջանի կայունությանը»,- ասված է նամակում:
ՀՀ ԱԺ նախագահը նաև նամակում թվարկել է քայլերի այն հաջորդականությունը, որի արդյունքում հնարավոր կլինի փոխել իրավիճակը։ Առաջնահերթ պետք է միջազգային մեխանիզմների ներդրում. ՄԱԿ-ի գործակալությունները պետք է մոնիտորինգային առաքելություններ իրականացնեն դեպի միջանցք և տարածաշրջան։
Ըստ ԱԺ նախագահի` Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության հարցը պետք է հասցեագրվի Բաքու-Ստեփանակերտ երկխոսության, բանակցությունների, քննարկումների արդյունքում: Սակայն այդ խոսակցությունը պետք է տեղի ունենա միջազգային մեխանիզմների շրջանակներում, ուր ներկա կլինի միջազգային հանրությունը:
Սիմոնյանը նաև կոչ է արել միջազգային գործընկերներին դիմել Եվրոպական հանձնաժողով, եթե Բաքուն խելամիտ ժամկետում չկատարի ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի` իրավաբանորեն պարտադիր ուժ ունեցող որոշումը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Անհետաձգելի բուժօգնության կարիք ունեցող բուժառուներն այս ընթացքում Արցախից Հայաստան են տեղափոխվում ԿԽՄԿ միջնորդությամբ և ուղեկցությամբ։ Նրանցից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։