ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. ԿԽՄԿ-ի ներկայացուցիչներն այցելել են Լաչինի միջանցքում ձերբակալված հիվանդին: Այս մասին հայտնում են ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակից։
Խոսքը երեկ Լաչինի անցակետում ադրբեջանցիների կողմից առևանգված Վագիֆ Խաչատյրանի մասին է։
«Տղամարդուն դիմավորել են ԿԽՄԿ պատվիրակները, որոնցից մեկը բժիշկ է, և նրան հնարավորություն է տրվել կապ հաստատել ընտանիքի հետ»,-նշված է հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ Արցախից Հայաստան տեղափոխվող բուժառուներից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, հուլիսի 29–ին առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։