ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Ուկրաինայի ազգային ոստիկանությունից հայտնել են, որ երկրում մարդկանց թրաֆիքինգի խնդիրը գնահատում են որպես գերարդիական, բացասական միտումը կապված է երկրի քաղաքացիների խոցելի վիճակի հետ, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:
«Համաշխարհային հանրությունը հուլիսի 30-ին նշում է մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի համաշխարհային օրը: Ուկրաինայում այս թեման գերարդիական է և հասարակության և իրավապահների միասնական ջանքեր է պահանջում»,-ասված է Ուկրաինայի ազգային ոստիկանության Telegram-ալիքում հրապարակված հաղորդագրության մեջ ։
Հաղորդագրության համաձայն՝ երկրի բնակչությունը խոցելի է դարձել նոր ռիսկերի պատճառով, որոնց շարքին են դասվել Ուկրաինայի քաղաքացիների արտերկիր մեկնելը, աշխատատեղերի և բնակարանների կորուստը, հարկադիր ներքին միգրացիան:
«Աշխատանքային և սեռական շահագործումը, կանանց օգտագործումը փոխնակ մայրության համար, երեխաների վաճառքը, հավաքագրված ուկրաինացիներին արտերկիր ուղարկելը՝ հանցավոր գործունեության մեջ ներգրավվելու համար և հարկադիր մուրացկանությունը՝ այս հանցագործությունները մշտապես ոստիկանների ուշադրության կենտրոնում են»,-նշել են գերատեսչությունում:
Ավելի ուշ երկրի գլխավոր դատախազի գրասենյակը հայտնել է, որ ՄՄԿ-ի տվյալներով՝ «30 տարվա ընթացքում Ուկրաինայում մարդկանց առևտրից տուժել է մոտ 300 հազար մարդ»։