ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. Միջուկային պատերազմի պոտենցիալ սպառնալիքն ավելի վտանգավոր չէ, քան կլիմայի փոփոխության գոյաբանական խնդիրը. այդ հարցերում հիերարխիա չկա։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին։
«Ինձ թվում է՝ չի կարելի խոսել ինչ-որ հիերարխիայի մասին։ Կան առաջնային և հիմնարար ինչ–որ բաներ՝ գայլը դռան մոտ է, ներառյալ հնարավոր հակամարտությունը, բայց, անկասկած, կլիման գոյաբանական մարտահրավեր է բոլորիս համար»,– ասել է Բլինկենը ավստրալիական «60 րոպե» լրատվական ծրագրին տված հարցազրույցում:
Այսպես է Պետդեպարտամենտի ղեկավարը պատասխանել այն հարցին, թե ի՞նչն է մարդկության համար ամենամեծ մարտահրավերը՝ միջուկային պատերա՞զմը, թե՞ կլիմայի գլոբալ փոփոխությունները։ Հարցազրույցի տեքստը տարածել է ամերիկյան գերատեսչության մամուլի ծառայությունը։