Խաչատրյանի դեպքը բացահայտեց արցախցի տղամարդկանց նկատմամբ սպառնալիքի աստիճանը. Մարտիրոսյան

Արթուր Մարտիրոսյան. Արխիվային լուսանկար
Եվրոպացիներն իրենց անգործությամբ և միայն մտահոգություն արտահայտող կոչերով արձակել են ադրբեջանական իշխանությունների ձեռքերը՝ հաշվեհարդար տեսնելու Լեռնային Ղարաբաղի հայերի նկատմամբ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Ադրբեջանական իշխանությունները փորձում են վախի և անորոշության մթնոլորտ սերմանել Լեռնային Ղարաբաղի հայերի շրջանում, և ԼՂ 68-ամյա բնակիչ Վագիֆ Խաչատրյանի առևանգումն առաջին հերթին նման խնդիր է հետապնդում: Այս մասին Sputnik Արմենիային ասաց քաղաքագետ, բանակցությունների մասնագետ Արթուր Մարտիրոսյանը։
«Ադրբեջանի կողմից Խաչատրյանի առևանգումը սպասելի էր, անկեղծ ասած։ Բաքվում ակտիվորեն աշխատում են և աշխատելու են, որպեսզի ԼՂ բոլոր այն հայերը, որոնք չեն ցանկանա ապրել ադրբեջանական իշխանության ներքո, լքեն իրենց տները: Եվ հիմա բոլոր ղարաբաղցիների վրա, որոնք մասնակցում են կամ մասնակցել են իրենց հայրենի հողի պաշտպանությանը, քրեական հետապնդման վտանգ կա»,– նշեց Մարտիրոսյանը։
Փորձագետը ապարդյուն է համարում ԼՂ բնակիչների իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով միջազգային իրավունքին, միջազգային ատյաններին դիմելու փորձերը: Ադրբեջանը բազմիցս ցույց է տվել, որ իր համար «միջազգային իրավունք» կամ «միջազգային օրենսդրություն» հասկացությունները դատարկ ձայն են։ Տվյալ դեպքում նրանք խնդիրները լուծելու են ուժային ճանապարհով։
«Ադրբեջանը հոգեբանական ճնշում է գործադրում ԼՂ հայերի վրա, որոնք չգիտեն, թե ինչ է սպասվում իրենց, եթե նրանք մնան այնտեղ։ Եթե Ադրբեջանը լիներ ժողովրդավարական պետություն՝ անկախ դատական համակարգով, ապա գոնե ինչ-որ հույս կլիներ, որ բարեհաջող ելք կլինի։ Բայց ներկա պայմաններում այդ երկրի իշխանություններից ամեն ինչ կարելի է սպասել։ Եվ պետք է ասեմ, որ շատ առումներով Բաքուն քարտ-բլանշ ունի «քաղաքակիրթ» եվրոպացի գործընկերներից»,– հավելեց փորձագետը։
Նրա կարծիքով՝ Իլհամ Ալիևը եվրոպացիներից «արտոնագիր» է ստացել անելու այն, ինչ հիմա անում է։ Ըստ Մարտիրոսյանի` Ալիևը լավ է հաշվարկել իր քայլերի բոլոր ռիսկերն ու հետևանքները, այդ թվում՝ մարդու բացահայտ առևանգումը, որին ուղեկցում էին Կարմիր խաչի աշխատակիցները։
Հայաստանն իր հերթին` որպես պետություն, բացի հայտարարություններից, ոչինչ չի անում իրավիճակը շտկելու համար։ Նրա համոզմամբ` եթե Հայաստանն ունենար արդյունավետ դիվանագիտություն, ապա ադրբեջանական ղեկավարության գործողությունները շատ ծանր հետևանքներ կունենային հենց նրա համար։
Կարմիր խաչի ներկայացուցիչը Բաքվի հիվանդանոցում այցելել է Վագիֆ Խաչատրյանին. Արցախի ՄԻՊ
Տեղի ունեցածի լույսի ներքո մեր զրուցակցի համար անհասկանալի են Հայաստանի վարչապետի հայտարարությունները, որը կոչ է անում ԼՂ–ին` բանակցել Ադրբեջանի հետ, քանի որ ինքը «միջամտելու մանդատ չունի և հանդիսանում է 29,8 հազար քառ կմ տարածքի վարչապետ»:
Մարտիրոսյանի գնահատմամբ՝ Փաշինյանը չի թաքցնում, որ վաղուց ձեռքերը լվացել է ԼՂ խնդրից։ Ըստ նրա` ժողովրդավարական համակարգ և հաշվետու իշխանություն ունեցող ցանկացած երկրում վարչապետը նման քաղաքական գծի համար կհեռացվեր: Հայաստանում դա չկա, ուրեմն հասարակությունն արժանի է այն իրավիճակին, որին բախվում է այսօր։