ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի - Sputnik. 15 բուժառուի՝ Հայաստան հումանիտար տեղափոխության ժամանակ 1 մարդ ձերբակալվել է, հայտնում է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 29-ին Կարմիր խաչի աշխատակիցների ուղեկցությամբ Արցախից Հայաստան տեղափոխվող բուժառուներից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
«2022թ. դեկտեմբերից, միջազգայնորեն ճանաչված հումանիտար մանդատով, Լաչինի միջանցքով տեղափոխվել է 680 բուժառու։ Աշխատում ենք թափանցիկ, երկու կողմերի հետ համագործակցված և նրանց հետ համաձայնեցված։ Այսպես էր նաև այսօր։ Մենք կայցելենք ձերբակալված բուժառուին հնարավորինս շուտ և կապի մեջ ենք նրա ընտանիքի հետ։ Հորդորում ենք բոլոր որոշում կայացնողներին հարգել այս` բացառապես հումանիտար առաքելությունը»,- ասված է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայտարարությունում։
Հավելենք, որ հուլիսի 29-ի երեկոյան մի խումբ արցախցիներ անժամկետ նստացույց են սկսել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մոտ։
Նրանք միջազգային կառույցից պահանջում են անհապաղ գործադրել բոլոր ջանքերը՝ վերադարձնելու Բերձորի միջանցքում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանին։