ԵՐԵՎԱՆ, 30 հուլիսի – Sputnik. Ֆրանկոֆոնիայի միջազգային 9-րդ խաղերում ազատ ոճային հայ ըմբիշները նվաճել են առաջին մեդալները: Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Կոնգոյում ընթացող խաղերում 61 կգ քաշային Վրեժ Գևորգյանը նվաճել է ոսկե մեդալ ու հռչակվել չեմպիոն, 65 կգ քաշային Հրաչյա Մարգարյանը դարձել է արծաթե, իսկ 57 կգ քաշային Առաքել Մովսեսյանը՝ բրոնզե մեդալակիրներ:
Ըմբիշներին պարգևատրել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը:
Նշենք, որ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության մայրաքաղաք Կինշասայում հուլիսի 26-ից օգոստոսի 6-ը անցկացվում են Ֆրանկոֆոնիայի 9-րդ միջազգային խաղերը, որին Հայաստանը մասնակցում է մեծաքանակ պատվիրակությամբ: 5 մարզաձևում Հայաստանը ներկայացնում է 19 մարզիկ, որոնք իրենց ուժերը կչափեն ատլետիկա, ազատ ոճի ըմբշամարտ, ձյուդո, սեղանի թենիս և հեծանվային սպորտ մարզաձևերում:
Նշենք նաև՝ չորս տարին մեկ անցկացվող խաղերին մասնակցելու իրավունք ունեն Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 88 լիիրավ անդամ և դիտորդ պետությունների 18-35 տարեկան ֆրանսախոս երիտասարդները: Այս տարի մասնակցության հայտ է ներկայացրել 38 երկիր, այդ թվում՝ Հայաստանը (արդեն 4-րդ անգամ): Հայաստանը Ֆրանկոֆոնիայի խաղերին մասնակցում է 2009 թվականից: