Զինծառայող Մուրադ Գրիգորյանի սպանության համար մեղադրվում է ծառայակիցը. մանրամասներ

Զինծառայողի սաղավարտ
Պարտադիր ժամկետային զինծառայողը Մուրադ Գրիգորյանին մահացու հրազենային վնասվածք է հասցրել վիրավորանքի պատճառով։ Հիմա նա զղջում է իր արարքի համար։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Մարտական դիրքում ծառայություն իրականացնող զինծառայող Մուրադ Գրիգորյանին մահացու հրազենային վիրավորում է հասցրել ծառայակիցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
Ավելի վաղ հայտնել էինք, որ հուլիսի 26-ին ՀՀ ՊՆ N զորամասի մարտական դիրքում, գետնատնակին հարակից տարածքում հայտնաբերվել էր նույն զորամասի զինծառայող Մուրադ Սերյոժայի Գրիգորյանի դին՝ գլխի շրջանում ստացած հրազենային մահացու վիրավորումով։ Զինծառայողի կողքին ընկած էր եղել նրան ամրակցված գնդացիրը:
«Նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական և վարութային այլ գործողությունների արդյունքում պարզվել է, որ նույն մարտական դիրքում ծառայություն իրականացնող Մուրադ Գրիգորյանի և նրա համածառյակից, պարտադիր ժամկետային զինծառայող Ա․Հ.-ի միջև անձնական հարցի շուրջ ծագած խոսակցության ընթացքում հնչած վիրավորանքի պատճառով զինծառայող Մուրադ Գրիգորյանին մահացու հրազենային վնասվածքը հասցրել է Ա.Հ․-ն` կրակոց արձակելով Գրիգորյանին ամրակցված ՊԿ տեսակի գնդացիրից»,– ասված է ՔԿ–ի հաղորդագրությունում։
Վերջինիս նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և նրան մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 155-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն):
Ներկայացված մեղադրանքում Ա․Հ․-ն իրեն մեղավոր է ճանաչել և զղջացել կատարած արարքի համար:
Հուլիսի 28-ին միջնորդություն է ներկայացվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար, որը բավարարվել է: