Սերգեյ Մինասյանը Արցախում տիրող իրավիճակը ներկայացրել է Ռումինիայի արտգործնախարարին

Սերգեյ Մինասյանն ու Լյումինիցա Օդոբեսկուն
Ռումինիայում ՀՀ դեսպանը հայտնել է, որ Ադրբեջանը չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, համաձայն որոնց` պետք է ապահովվի մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Ռումինիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Մինասյանը Ռումինիայի արտաքին գործերի նախարար Լյումինիցա Օդոբեսկուին է ներկայացրել Արցախի Հանրապետությունում տիրող իրավիճակը։ Տեղեկությունը հայտնում է Ռումինիայում ՀՀ դեսպանատան մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ Մինասյանը Ռումինիայի ԱԳ նախարարությունում է եղել քաղաքավարական այցի շրջանակում։

«Դեսպանը զրուցակցին մանրամասն ներկայացրել է Լաչինի միջանցքի` ավելի քան 7 ամիս շարունակվող անօրինական արգելափակման մանրամասները, ստեղծված և օրեցօր խորացող հումանիտար ճգնաժամն ու դրա հետևանքները, ինչպես նաև վերջին զարգացումները։ Նա նաև ընդգծել է, որ Ադրբեջանը չարամտորեն չի կատարում Արդարադատության միջազգային դատարանի որոշումները, որոնց համաձայն` այդ երկիրը պետք է ապահովի մարդկանց, տրանսպորտային միջոցների և բեռների անարգել տեղաշարժը Լաչինի միջանցքով՝ երկու ուղղություններով»,– ասված է հաղորդագրությունում:

Մտքեր են փոխանակվել նաև բազմակողմ համագործակցության հեռանկարների վերաբերյալ, մասնավորապես, ՀՀ-ԵՄ համապարփակ գործակցության շրջանակներում։ Այս համատեքստում ընդգծվել է Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության տեղակայման կարևորությունը՝ որպես տարածաշրջանային կայունությանը նպաստող գործոն։
Կողմերը հանդիպման ընթացքում խոսել են նաև հարուստ պատմական հիմք ունեցող հայ-ռումինական հարաբերություններից։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։