ՄԻՊ–ը Ադրբեջանի կողմից քաղաքացուն առևանգելու դեպքով կդիմի միջազգային կազմակերպություններին

Անահիտ Մանասյան
ՀՀ ՄԻՊ–ը շարունակում է փաստահավաք աշխատանքներ իրականացնել։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն Ադրբեջանի կողմից 68-ամյա արցախցուն արգելանքի վերցնելու առնչությամբ կապ է հաստատել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի գործընկերների հետ։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ ՄԻՊ մամուլի ծառայությունը։
Արցախի պետնախարար Գուրգեն Ներսիսյանն ավելի վաղ տեղեկացրել էր, որ Ադրբեջանն այսօր արգելանքի է վերցրել Կարմիր խաչի միջոցով բուժման նպատակով ՀՀ տեղափոխվող քաղաքացիներից մեկին և անցակետից տեղափոխվել այլ վայր։ Նա նշել էր, որ ԿԽՄԿ ներկայացուցիչը գտնվում է քաղաքացու մոտ, սակայն բանակցությունները դեռևս որևէ արդյունք չեն տվել։
«Խնդրի առնչությամբ Մանասյանը նաև շարունակում է իրականացնել փաստահավաք աշխատանքներ: Դեպքի առնչությամբ մանրամասներ ճշտելուց հետո պաշտպանը կդիմի նաև մարդու իրավունքների մանդատ ունեցող միջազգային կազմակերպություններին»,– ասված է ՄԻՊ գրասենյակի հաղորդագրությունում։
Ո՛չ ԿԽՄԿ–ն, ո՛չ խաղաղապահները չգիտեն առևանգված տղամարդու տեղը. Մարուքյան
Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտնել է, որ արցախցի 68-ամյա Վագիֆ Խաչատրյանը ձերբակալվել է։ Նա, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։