ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Լաչինի միջանցքում հրադադարի 3 խախտում է արձանագրվել։ Տեղեկությունը հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։
«Տուժածներ չկան: Ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացնում ադրբեջանական և հայկական կողմերի հետ»,–ասված է հաղորդագրությունում։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։