ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Հայկական 5Yet ստարտափը ստեղծել է մի սարք, որը կօգնի լսողության և խոսքի խանգարումներ ունեցող մարդկանց լիարժեք շփվել արտաքին աշխարհի հետ, սովորել և աշխատել: Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ստարտափ նախագծում բիզնեսի զարգացման մենեջեր Գևորգ Խաջոյանը։
Դրա համար մշակողների թիմը մի ձեռնոց է ստեղծել, որի տվիչներն ամրացվում են մատներին ու դաստակին և կարդում ժեստերի լեզվի բառերն ու արտահայտությունները` դրանք սինխրոն թարգմանելով որևէ լեզվով (սկզբնական մոդելում ներդրված է հայերենը): Բջջային հավելվածը պատրաստի տեքստ է տալիս էկրանին։ Սարքի նախատիպը ներկայացվել է «Sevan Startup Summit 2023»–ում։
Ժեստերի լեզվով կարելի է խոսել` օգտագործելով տառերն ու բառերը: Տառախոսության տարբերակից են սկսել՝ խորհրդակցելով Երևանի լսողության խանգարումներ ունեցող երեխաների հատուկ կրթահամալիրի (հայտնի է որպես «խուլերի դպրոց», գտնվում է Նորք-Մարաշ վարչական շրջանում) փորձառու դասախոս Զուբեյդա Մելիքյանի հետ։
Պատճառը հետևյալն է՝ եթե երեխան չսովորի շփվել տառերի օգնությամբ, այլ միայն բառերով արտահայտվի, ապա, օրինակ, «մայրիկ, ինձ տար կարուսել նստելու» նախադասության փոխարեն կասի` «մայրիկ, ես, կարուսել, նստել»։ Եթե երեխան անընդհատ միայն այդպես է խոսում, ապա տարիների ընթացքում սկսում է հենց այդպես էլ մտածել, այսինքն՝ լիովին չի յուրացնում մայրենի լեզվի քերականությունը: Գևորգի խոսքով` դա խանգարում է նրան սովորել, իսկ հետո՝ աշխատել։
«Մելիքյանն ու մյուս մասնագետները մեզ հուշեցին այդ միտքը, և մենք որոշեցինք սկսել տառերից», - ասում է նա։
Երկրորդ փուլում նախատեսում են ծրագրում բառեր մուտքագրել, բայց կրկին խորհրդակցելով մասնագետների հետ, որպեսզի հաշվի առնեն մի շարք այլ նրբություններ։
Օրինակ` ոչ բոլոր երեխաների լսողությունն է 100%-ով վնասված. ինչ-որ մեկը, ասենք, 70 տոկոսով չի լսում: Ուսուցիչների և ծնողների նպատակն է, որ երեխան առավելագույնս զարգացնի մնացած 30%-ը: Բայց նման ձեռնոց ստանալուց հետո երեխան կարող է մտնել հարմարավետության գոտի, և չի բացառվում` նա ընդհանրապես հրաժարվի խոսելուց։
«Այս դպրոցում եղել են դեպքեր, երբ նման երեխաներին առաջարկել են այդ ձեռնոցը որպես օժանդակ գործիք, իսկ նրանք «դադարել են լսել», որպեսզի ձեռնոցը մշտապես օգտագործեն։ Այդպես էլ գրում էին. «Ես խուլ եմ դարձել, ինձ ձեռնոց տվեք»», - պատմում է Գևորգը:
Այդ պատճառով հավելվածում ձեռնոցի օգտագործման սահմանափակման հնարավորություն է դրվել։ Այս սահմանափակումները կարող են կիրառվել ինչպես ուսուցչի, այնպես էլ երեխայի ծնողների կողմից:
Այժմ ստարտափը ձեռնոցի նոր մոդել է պատրաստում՝ կատարելագործված տվիչներովև արհեստական բանականության մոդելով։ Եթե ներկայիս տարբերակում յուրաքանչյուր ժեստը տառի վերափոխելու համար պահանջվում է մոտ կես վայրկյան, ապա նոր տարբերակում թարգմանությունը գրեթե սինխրոն կլինի։ Արհեստական բանականությունը գուշակելու է ժեստի հնարավոր տարբերակները մոտավորապես այնպես, ինչպես բջջային հեռախոսում ստեղնաշարը մեզ հուշում է հնարավոր բառերը, երբ բառ են մուտքագրում:
Համակարգում ուզում են ոչ միայն այբբենարան, այլև ժեստերի բառարան մուտքագրել (այնպես, որ բառերի օգնությամբ բացատրվելու հնարավորություն լինի): Համակարգը Հայաստանից դուրս օգտագործելու դեպքում հավելվածները հնարավոր կլինի վերազինել ժեստերի լեզվի մի քանի տարբերակով՝ ռուսական, ֆրանսիական, ամերիկյան և այլն:
Ձեռնոցին կցվելու է ժեստից տեքստ թարգմանությունը, իսկ պրեմիում տարբերակում կավելանա տեքստը ձայնի վերածելու գործառույթը, որ, օրինակ, խուլ ու համրը կարողանա «խոսել» սրճարանում կամ խանութում:
«Հարյուրավոր հնարավորություններ կան, որոնք կարող են տրվել խուլ ու համրերին։ Նրանք կկարողանան սովորել և աշխատել: Կարծում եմ` զուտ հոգեբանորեն շատերը կնախընտրեն ինքնուրույն գումար վաստակել, քան սոցիալական նպաստ ստանալ։ Սա կարևոր է և՛ կրթության նախարարության, և՛ աշխատանքի նախարարության համար, որոնք ձգտում են հնարավորինս ինտեգրել հաշմանդամություն ունեցող անձանց», - ընդգծեց Գևորգը։
Կատարելագործված մոդելն ուզում են հավաքել առաջիկայում, այնուհետև ներկայացնել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանն ու ԿԳՄՍՆ–ին։
Արտադրությունը կարգավորելու համար ընկերությունը բանակցություններ է սկսել ներդրողների հետ։