ԵՐԵՎԱՆ, 29 հուլիսի – Sputnik. Մի խումբ արցախցիներ անժամկետ նստացույց են սկսել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակի մոտ։ Տեղեկությունը հայտնում է «Փաստինֆոն»։
Նրանք միջազգային կառույցից պահանջում են անհապաղ գործադրել բոլոր ջանքերը՝ վերադարձնելու Բերձորի միջանցքում տեղակայված ադրբեջանական ապօրինի անցակետից առևանգված Վագիֆ Խաչատրյանին։
«Շտապ հավաքի պատճառը մեր հայրենակից Վագիֆ Խաչատրյանի առևանգումն է ադրբեջանցիների կողմից։ Առաջին հերթին պահանջում ենք, որ այս միջազգային կառույցը, որը նրան տեղափոխում էր, անհապաղ քայլեր ձեռնարկի ու վերադարձնի առևանգված քաղաքացուն։ Արդեն վրան ենք տեղադրել, դեռևս ոչ մեկը ԿԽՄԿ-ից մեզ չի մոտեցել»,-ասել է նստացույցի մասնակից Հրաչ Բաղդասարյանը։
Հիշեցնենք` Արցախից Հայաստան տեղափոխվող բուժառուներից մեկին` Վագիֆ Խաչատրյանին, այսօր առևանգել են Ադրբեջանի սահմանապահ ծառայության ներկայացուցիչները։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը հայտարարել է, որ նա ձերբակալվել է։ Վագիֆ Խաչատրյանը, ըստ մեղադրանքի, իբր հանցավոր խումբ է ստեղծել, որը 1991թ. դեկտեմբերի 21-ին մասնակցել է Խոջալուի շրջանի Մեշալի գյուղի բնակիչների դեմ հանցագործություններին։