Ծանրորդ Տիգրան Կարապետյանը դարձել է Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն

Ծանրամարտ. արխիվային լուսանկար
18-ամյա մարզիկը նվաճել է երկու փոքր և մեկ մեծ արծաթե մեդալներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում անցկացվող ծանրամարտի Եվրոպայի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Տիգրան Կարապետյանը նվաճել է երկամարտի արծաթե մեդալ:
67 կգ քաշայինների պայքարում 18-ամյա ծանրամարտիկը գրանցել է 275 կգ արդյունք:
Տիգրան Կարապետյանը պոկում վարժությունում բարձրացրել է 123 կգ, իսկ հրում վարժությունում գլխավերևում պահել է 152 կգ։
Հայաստանի թիմը Եվրոպայի առաջնությունում արդեն նվաճել է մեկ ոսկե և երկու բրոնզե մեդալներ: Մինչև 23 տարեկանների պայքարում երկամարտի ոսկե մեդալակիր է դարձել 61 կգ քաշային Գառնիկ Չոլակյանը (255 կգ արդյունք): Իսկ մինչև 20 տարեկանների պայքարում բրոնզե մեդալներ են նվաճել 61 կգ քաշային Մերուժան Եղոյանը ու 55 կգ քաշային Սեյրան Խուդանյանը։
Եվրոպայի երիտասարդական առաջնությունն անցկացվում է հուլիսի 23-ից օգոստոսի 3-ը: