ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի Դաշնության խորհուրդն այսօր լիագումար նիստում հավանություն է տվել զինվորական հաշվառման պահանջների խախտման համար պատասխանատվության խստացման մասին օրենքին: Դա ենթադրում է ծանուցագրով զինկոմիսարիատ չներկայանալու համար տուգանքների գումարի ավելացում՝ 10 անգամ։ Տեղեկությունըհայտնում է ՏԱՍՍ-ը։
Փոփոխությունները կատարվում են Վարչական իրավախախտումների վերաբերյալ Ռուսաստանի Դաշնության օրենսգրքի 21.5-րդ հոդվածում (քաղաքացիների կողմից զինվորական հաշվառման պարտականությունների չկատարումը): Այսպիսով, զինկոմիսարիատի ծանուցագրում նշված ժամին առանց հարգելի պատճառի սահմանված վայր չներկայանալու տուգանքը կկազմի 10 հազարից մինչև 30 հազար ռուբլի (ներկայում տուգանքը 500-ից մինչև 3 հազար ռուբլի է):
Ընտանեկան կարգավիճակի, կրթության, աշխատանքի (ուսման) կամ պաշտոնի փոփոխության, նոր բնակության վայր տեղափոխվելու մասին քաղաքացու կողմից սահմանված կարգով զինկոմիսարիատ կամ նախնական զինվորական հաշվառում իրականացնող մարմնին չհայտնելու համար տուգանքը կկազմի 1000–ից մինչև 5 հազար ռուբլի (այժմ 500 ռուբլուց մինչև 3 հազար ռուբլի է):
Քաղաքացու կողմից վեց ամսից ավելի ժամկետով Ռուսաստանից մեկնելու կամ երկիր մուտք գործելու մասին տեղեկություններ չհաղորդելու, ինչպես նաև օրենքով սահմանված ժամկետում զինկոմիսարիատ չներկայանալու համար սահմանվում է տուգանք՝ 5 հազարից մինչև 15 հազար ռուբլի (այժմ 500 ռուբլուց մինչև 3 հազար ռուբլի է):
Օրենքն ուժի մեջ կմտնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից հավանության արժանանալուց և պորտալում իրավական ակտերի հրապարակումից հետո: