ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ՌԴ–ում Իսպանիայի դեսպանությունը թվիթերյան էջում հայերենով է աջակցություն հայտնել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզոֆ Բորելի հայտարարությանը։
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հուլիսի 26-ին հայտարարել էր, որ Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են ամենակարճ ժամկետում երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով և թույլ չտալ հետագա էսկալացիա։ Նա նաև նշել էր, որ Աղդամով երթուղին չպետք է դիտարկվի որպես Լաչինի միջանցքի բացման այլընտրանք։
«Իսպանիան աջակցում է Ժոզոֆ Բորելի հայտարարությանը` Լաչինի շրջափակման հետ կապված հումանիտար իրավիճակի մասին։ Ադրբեջանի իշխանությունները պետք է ապահովեն անվտանգությունն ու ազատ տեղաշարժը միջանցքում շատ արագ և թույլ չտան ճգնաժամի էսկալացիա»,– ասված է Իսպանիայի դեսպանության հրապարակման մեջ։
Ի դեպ, ՀՀ–ում չկա Իսպանիայի դեսպանություն։ ՀՀ քաղաքացիները վիզա ստանալու համար դիմում են Մոսկվայում գործող Իսպանիայի դեսպանությանը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։