ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Ռուսաստանի, Սիրիայի, Թուրքիայի և Իրանի արտգործնախարարների նոր հանդիպում անցկացնելու հարցը քննարկվում է: Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով ռուսական դիվանագիտական գերատեսչության աղբյուրին։
«Այդ հարցը քննարկվում է։ Բայց արդյունքի հասնելու համար պետք է բոլոր նախարարների գրաֆիկները համընկնեն։ Դա գործընթաց է, որը շարունակվում է», - ասել է գործակալության զրուցակիցը։
Հիշեցնենք` Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի արտգործնախարարները մայիսի 10-ին Մոսկվայում կայացած հանդիպումից հետո կարգադրել էին «ճանապարհային քարտեզի» նախագիծ պատրաստել, իսկ հունիսի 20-ին Աստանայում կայացել էր Ռուսաստանի, Թուրքիայի, Սիրիայի և Իրանի փոխարտգործնախարարների հանդիպումը և քննարկվել էր այդ հարցը:
ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ավելի վաղ նշել էր «ճանապարհային քարտեզի» առաջնահերթ թեմաները: Դրանց թվում են երկրի տարածքում Սիրիայի կառավարության վերահսկողության վերականգնման խնդրի լուծումը, թուրք-սիրիական սահմանի անվտանգության ապահովումը, անդրսահմանային հարձակումների, ահաբեկիչների ներթափանցման հնարավորության բացառումը: