ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Ռուսաստանն իրեն իրավունք է վերապահում կոշտ պատասխան միջոցներ ձեռնարկել Ուկրաինայի կողմից Տագանրոգի գնդակոծությունից և Մոսկվայի վրա ԱԹՍ-ների հարձակումից հետո, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Խստորեն դատապարտում ենք Կիևի ռեժիմի՝ քաղաքացիական բնակչության և խաղաղ ենթակառուցվածքների դեմ ուղղված հերթական հանցավոր գործողությունները։ Դրանք ակնհայտորեն ռազմական նշանակություն չունեին։ Միջազգային հանրությանը և կազմակերպություններին կոչ ենք անում հանդես գալ Ուկրաինայի իշխանությունների կողմից ահաբեկչական մեթոդների կիրառման դատապարտմամբ»,-նշված է Զախարովայի մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է ՌԴ ԱԳՆ-ի կայքում:
Ավելի վաղ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ հուլիսի 28-ի առավոտյան «կանխվել է Մոսկվայի մարզի տարածքում գտնվող օբյեկտների ուղղությամբ անօդաչու թռչող սարքով ահաբեկչական հարձակում իրականացնելու Կիևի ռեժիմի փորձը»: ՀՕՊ միջոցներով ԱԹՍ-ն ոչնչացվել էր։
Նույն օրը ՌԴ պաշտպանական գերատեսչությունը հայտարարեց, որ կիևյան ռեժիմը Ռոստովի մարզի Տագանրոգ քաղաքի բնակելի ենթակառուցվածքների ուղղությամբ ահաբեկչություն է իրականացրել Ս-200–ի զենիթային հրթիռով։ Ռուսական ՀՕՊ միջոցներով ուկրաինական հրթիռը հայտնաբերվել և խոցվել է օդում։ Ուկրաինական հրթիռի բեկորներն ընկել են Տագանրոգի տարածքում
Քիչ ավելի ուշ նախարարությունում հավելել էին, որ «հուլիսի 28-ին, ժամը 17:15-ի սահմաններում, Կիևի ռեժիմի կողմից ահաբեկչական հարձակման կրկնակի փորձ է կատարվել՝ հարվածային տարբերակի վերածված ՀՕՊ համակարգի Ս-200 զենիթային հրթիռով»:
Ռուսական ՀՕՊ միջոցներով ուկրաինական հրթիռը որսացել են Ռոստովի մարզի Ազով քաղաքի շրջանում։ Խոցված հրթիռի բեկորներն ընկել են ամայի տեղանքում։