ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Դատարանը փոխել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի խափանման միջոցը: Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնեց Սահակյանի փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
Հայտնել էինք, որ մարտի 31-ին ԱԺ «Ազգային ժողովի պետաիրավական մշտական հանձնաժողովի փակ նիստում Մհեր Սահակյանը հարվածել է ՔՊ-ական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանին։ Դեպքի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի (խուլիգանություն) 3-րդ մասով և 195-րդ հոդվածի (ֆիզիկական ներգործություն) 2-րդ մասի 1-ին կետով նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Առաջին դատական նիստի ժամանակ մենք միջնորդեցինք, որ խափանման միջոցը վերացվի։ Ըստ էության` խափանման միջոց կիրառելու որևէ հիմք մենք չենք տեսնում։ Որևէ հիմք չկա, որ նա կարող է ազդեցություն ունենալ վարույթի նկատմամբ։ Քննարկման ընթացքում նաև առաջարկեցինք, որ եթե դատարանը կգտնի, որ հնարավոր չէ վերացնել խափանման միջոցն առանց որևէ այլ խափանման միջոց կիրառելու, մենք պատրաստ ենք նաև գրավի, և դատարանը առաջին միջնորդությունը մերժեց, երկրորդը բավարարեց և բացակայելու արգելքը փոխարինվեց գրավով»,–ասաց Մելիքյանը։
Գրավի չափը, Սահակյանի առաջարկով, սահմանվել է 500.000 դրամ։
Հիշեցնենք, որ Ազգային ժողովը 65 կողմ ձայնով համաձայնություն էր տվել Սահակյանին անձեռնմխելիությունից զրկելու` գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի միջնորդությանը։
Աննա Վարդապետյանն ապրիլի 11-ին խորհրդարանում ներկայացրեց Մհեր Սահակյանի նկատմամբ քրեական վարույթ հարուցելու միջնորդությունը։