ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Ռումինիայում ընթացող Եվրոպայի պատանիների առաջնությունում կիսաեզրափակիչ դուրս եկած 9 հայ բռնցքամարտիկները եզրափակիչում են։ Տեղեկությունը հայտնում է Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիան։
«Վերջին ուղեգիրը նվաճեց 80 կգ քաշային Հայկ Ղահրամանյանը։ Մեր բռնցքամարտիկը տակտիկապես գրագետ մենամարտ վարելով` հաղթեց ուկրաինացի Վիտալի Մոլչանովին»,–հայտնում է ֆեդերացիան։
Իրենց հերթին 66 կգ քաշային Արգիշտի Հակոբյանը հաղթել է Լիտվայի ներկայացուցչին, 63 կգ քաշային Ալիկ Կճոյանը` խորվաթ մրցակցին։ Հաղթանակ է տոնել նաև 60 կգ քաշային Անդրանիկ Մարտիրոսյանը։ 57 կգ քաշային Սպարտակ Նահապետյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին, 52 կգ քաշային Արեն Խառատյանը` գերմանացի Դանիել Դիսենդորֆին։
Հաղթանակներ են գրանցել նաև 50 կգ քաշային Տիգրան Հովսեփյանը, 48 կգ քաշային Եվրոպայի գործող չեմպիոն Վաղարշակ Քեյանը, 75 կգ քաշային Ալբերտ Հարությունյանը։