ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի-Sputnik. ՄԱԿ–ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հանդիպում է ունեցել Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի Հատուկ խորհրդական, ԳՔ տեղակալ Ալիս Վաիրիմու Նդերիտուի հետ ու ներկայացրել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շարունակվող արգելափակման հետևանքով ահանգնացող հումանիտար ճգնաժամը, Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա դրա անմիջական ազդեցությունն ու վտանգները։ Տեղեկությունը հայտնում է ՄԱԿ–ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը։
Հանդիպման ընթացքում Մարգարյանը նշել է, որ 2022թ․ դեկտեմբերից Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումը և միջազգային հումանիտար ներկայության շարունակական մերժումը բացահայտում են Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության մտադրությունը:
Ցեղասպանության կանխարգելման հարցերով ՄԱԿ Գլխավոր քարտուղարի խորհրդականը տեղեկացվել է, որ Հայաստանից առաջին անհրաժեշտության հումանիտար բեռների մուտքը Լեռնային Ղարաբաղ խոչընդոտվել է Ադրբեջանի կողմից: Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի ժողովրդի համար ստեղծված գոյաբանական սպառնալիքի պայմաններում միջազգային հանրության և ՄԱԿ կողմից վաղ ահազանգման մեխանիզմների գործարկման հրամայականը:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։