ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի-Sputnik. Կիպրոսն Ադրբեջանին կոչ է արել շտապ վերացնել Լաչինի միջանցքի շրջափակումը: Այս մասին ասվում է Կիպրոսի ԱԳՆ հայտարարության մեջ:
«Կիպրոսը դատապարտում է Լաչինի միջանցքի շարունակվող շրջափակումը և խորապես մտահոգված է Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամով», - ասվում է Twitter-ի գրառման մեջ:
Գերատեսչությունը կարծում է, որ Ադրբեջանը պետք է շտապ վերացնի շրջափակումը և երաշխավորի անվտանգությունն ու ազատ տեղաշարժը ՝ համաձայն 2020 թվականի հրադադարի մասին հայտարարության և Միջազգային դատարանի որոշման:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։