ՀՀ–ում Իրանի նորանշանակ դեսպանը հանդիպել է ՀՀ նախագահի հետ

Նորանշանակ դեսպանը վստահեցրել է, որ Իրանը պաշտպանում է երկրների տարածքային ամբողջականության սկզբունքը և աջակցում է տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման գործընթացին:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հայաստանում Իրանի նորանշանակ դեսպան Մեհդի Սոբհանին իր հավատարմագրերն է հանձնել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։
Դեսպանը նշել է, որ իր պաշտոնավարման ընթացքում կփորձի առավելագույն ջանք ներդնել երկկողմ կապերի առավել ամրապնդման համար:
«Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները շատ խորն են: Երկու երկրների հարաբերություններում առկա է մեծ ներուժ և ես իմ ողջ ջանքերը կներդնեմ այդ ներուժի իրացման գործում»,– ասել է նորանշանակ դեսպանը:
Մեհդի Սոբհանի
Նախագահ Վահագն Խաչատուրյանն էլ իր հերթին վստահություն է հայտնել, որ վերջինիս աշխատանքի արդյունքում մեր երկրների միջև հաստատված ամուր փոխհարաբերություններն առավել մեծ զարգացում կապրեն:
«Հայաստանի Հանրապետությունն այս 30 տարիների ընթացքում մեծ փորձությունների միջով է անցել, և այդ տարիների ընթացքում մեր և Իրանի միջև հարաբերությունները բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, իրենց զարգացումն են ապրել»,- նշել է նախագահը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական բազմաշերտ համագործակցության հարցեր և փոխգործակցության շարունակական զարգացման հնարավորություններն ու հեռանկարները: Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային նշանակության ծրագրերի իրագործմանն ու առկա ներուժի ամբողջական իրականացմանը:
Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել տարածաշրջանային իրողությունների և զարգացումների վերաբերյալ: Նորանշանակ դեսպանն այս համատեքստում շեշտել է, որ Իրանը պաշտպանում է երկրների տարածքային ամբողջականության սկզբունքը և աջակցում տարածաշրջանում կայուն խաղաղության և անվտանգության հաստատման գործընթացին:
Առկա խնդիրները պետք է կարգավորել խաղաղ ճանապարհով. Միրզոյանն ընդունել է Իրանի նոր դեսպանին
Մտքեր են փոխանակվել բարձր տեխնոլոգիաների, ենթակառուցվածքների և էներգետիկայի ոլորտներում Հայաստանի և Իրանի միջև համագործակցության և համատեղ ծրագրերի կյանքի կոչման հնարավորությունների վերաբերյալ:
Հիշեցնենք` Սոբհանին Հայաստանում Իրանի դեսպանի պաշտոնում փոխարինում է Աբբաս Բադախշան Զոհուրիին, որն ավարտել է իր առաքելությունը ՀՀ–ում։ Նա մեր երկրում Իրանի դեսպան էր նշանակվել 2019 թվականին, Հայաստանում դիվանագիտական ծառայությունը սկսել 2020-ի սկզբին: