ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. Հայաստանի ՔԿՀ–ներում 250 կալանավոր վարակված է հեպատիտ C-ով, որոնցից 220–ը ստացել են անհրաժեշտ դեղորայք, իսկ 30–ը բուժման պրոցեսի մեջ են։ Այս մասին հեպատիտի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված ասուլիսի ժամանակ հայտնեց «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Կամո Մանուկյանը։
Նա նշեց, որ ՔԿՀ-ներում «Հեպատիտ C» ախտորոշմամբ անձանց բուժման ծրագրի շրջանակում մինչև օրս իրականցվել է 350 ՊՇՌ հետազոտություն։ Բացի վերոնշյալից, 80 կալանավոր ստացել են դրական պատասխան և սպասում են հետագա հետազոտություններին, որպեսզի ախտորոշման հաստատման դեպքում ստանան համապատասխան դեղորայքը։
«Քրեակատարողական համակարգում մեծ իրադարձություն էր հեպատիտ C–ի բուժման սկիզբը, քանի որ տարիներ շարունակ մենք կարողացել ենք իրականացել հետազոտությունները, ախտորոշել, սակայն բուժման հնարավորություն ունեցել են միայն այն անձինք, որոնք կարողացել են սեփական միջոցներով ձեռք բերել դեղորայքը»,–ընդգծեց Մանուկյանը։
«Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենը նաև ներկայացրեց, թե ինչ ճանապարհով են ՔԿՀ–ներում հայտնաբերում հեպատիտներով հիվանդներին.
«Մուտքի ժամանակ բոլոր ազատազրկված անձինք ենթարկվում են արագ թեստավորման ոչ միայն հեպատիտի, այլ նաև սիֆիլիսի և ՄԻԱՎ–ի համար, թեստավորումները իրականացվում են ոչ միայն մուտքի ժամանակ, այլ նաև տարեկան երկու անգամ և ըստ անհրաժեշտության։ Դեպքի հայտնաբերման դեպքում հիվանդը հաշվառվում է և ուղևորվում է հետագա հետազոտությունների»,–նշեց նա։
Միևնույն ժամանակ Մանուկյանը տեղեկացրեց, որ վարակակիր կալանավորների բուժումն իրականցվում է Հայաստանի բոլոր ՔԿՀ–ներում։
ՊՈԱԿ-ի տնօրենի խոսքով` իրենց նպատակն է, որ մինչև տարեվերջ բոլոր հաշվառվածները ստանան համապատասխան բուժում։
Նշենք, որ վիրուսային հեպատիտ D–ն, C–ն, ինչպես նաև ՄԻԱՎ–ը, որոնց համաճարակաբանական փոխանցման ուղիները նույնն են, փոխանցվում են արյունային ճանապարհով (ոչ ախտազերծված գործիքներով միջամտություն կատարելը` բուժական միջամտություն և գեղեցկության սրահներում մատնահարդարում, կոսմետոլոգիա, տատու, ոչ ախտազերծված ներարկիչ օգտագործելը, չպաշտպանված սեռական հարաբերություն, վարակված մորից պտղին վարակի անցում)։