Առանձնաշնորհյալ հարաբերություններ. Միրզոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանին

Արարատ Միրզոյանը նորանշանակ դեսպանին է ներկայացրել ԼՂ–ում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի – Sputnik. ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին իր հավատարմագրերի պատճենն է հանձնել ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ դեսպան Օլիվյե Դըկոտինյին։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը։

«Նախարար Միրզոյանը վստահություն է հայտնել, որ դեսպան Օլիվյե Դըկոտինյին իր առաքելության ընթացքում կգործադրի առավելագույն ջանքերը երկու երկրների միջև հարաբերությունների առավել զարգացման ուղղությամբ՝ դրանց ներկայիս առանձնաշնորհյալ բնույթին համապատասխան»,– նշված է հաղորդագրության մեջ:

Դեսպանն իր կողմից պատրաստակամություն է հայտնել իր ակտիվ գործունեությամբ առավելագույնս նպաստել երկու ժողովուրդների բարեկամության և ընդհանուր հետաքրքրությունների վրա հիմնված հարաբերությունների ընդլայնման համար:
Օլիվյե Դըկոտինյի
Ընդգծվել է Հայաստանի և Ֆրանսիայի միջև քաղաքական երկխոսության բարձր մակարդակը, ակտիվ փոխայցելություններն ու բարձր ձևաչափերով պարբերական շփումները:
Քննարկվել են նաև տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցեր: Արարատ Միրզոյանը նորանշանակ դեսպանին է ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում օրեցօր վատթարացող հումանիտար իրավիճակը:
Անրադառնալով տարածաշրջանում խաղաղության և կայունության հարցում հայկական կողմի տեսլականին՝ նախարար Միրզոյանն ընդգծել է այդ հարցում շահագրգռված դերակատարների հստակ քայլերի և շարունակական ներգրավածության կարևորությունը:
Հիշեցնենք, որ հուլիսի 9–ին Ֆրանսիայում Հայաստանի պատվավոր հյուպատոս Դենիս Ջորկաեֆը հայտնել էր, որ Ֆրանսիայի արտաքին հարաբերությունների հարցերով խորհրդական, Էրբիլում Ֆրանսիայի նախկին գլխավոր հյուպատոս Օլիվյե Դեկոտինյին նշանակվել է Հայաստանում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան։ Նոր պաշտոնը նա ստանձնել է հուլիսի 21–ից։ Ֆրանսիայի նախագահի կողմից հրամանը ստորագրվել է հուլիսի 6-ին։