ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Հայ լեռնագնաց Առնո Տեր-Սահակովը արշավախմբի կազմում նվաճել է K2 (Չոգորի) գագաթը։ Այն աշխարհում երկրորդ ամենաբարձր գագաթն է Ջոմոլունգմայից (Էվերեստ) հետո: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել լեռնագնաց Իռեն Խարազովան։ Ի դեպ, նա առաջին հայուհին է, որ նվաճել է Էվերեստի գագաթը։
Ռուս լեռնագնաց Ալեքսանդր Աբրամովն էլ իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ 20 հոգուց բաղկացած արշավախումբը գագաթ Է բարձրացել Լյուդմիլա Կորոբեշկոյի գլխավորությամբ։
«Սա մեծ ձեռքբերում է, քանի որ K2 աշխարհի ամենաբարդ 8000 մ–ից ավել բարձրություն ունեցող գագաթն է։ Մասնագետները կարծում են, որ այն բարձրանալը տեխնիկապես շատ ավելի դժվար է, քան Էվերեստը»,– գրել է նա։
Նշենք, որ K2-ի բարձրությունը 8611 մետր է, այն աշխարհում երկրորդ ամենաբարձր լեռնագագաթն է։ Ութ հազար մետր բարձրություն ունեցող գագաթների մեջ ամենահյուսիսայինն է։ Այն Բալտորո լեռնաշղթայի մաս է կազմում։ Գտնվում է Քաշմիրի և Չինաստանի Սինցզյան-Ույգուրսկի ինքնավար մարզի սահմանին` Կարակորում լեռնահամակարգում, որ տեղակայված է Հիմալայներից հյուսիս-արևմուտք։