Ադրբեջանից մինչ այս հնչող արձագանքները կառուցողական անվանել հնարավոր չէ. Սարգսյան

ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցչի խոսքով` Հայաստանում հավատարմագրված դիվանագետների ու միջազգային կառույցների ներկայացուցիչները սեփական աչքով են տեսել, որ Լաչինի միջանցքը փաստացի փակ է՝ չնայած Ադրբեջանի պնդումների։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 28 հուլիսի - Sputnik. Արցախ հումանիտար բեռ տեղափոխող 19 բեռնատարները շարունակում են մնալ Կոռնիձորում, իսկ Ադրբեջանից մինչ այս հնչող արձագանքները կառուցողական չեն։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը։
«Ադրբեջանից մինչ այս հնչող արձագանքները որևէ կերպ կառուցողական անվանել հնարավոր չէ, հաճախ դրանք կրում են սադրիչ բնույթ, և այն մեղադրանքները, թե հայկական կողմն է դիմում սադրանքի` հումանիտար բեռը ԼՂ տեղափոխելու գործընթացում, ըստ երևույթին, հակառակ կերպ կարելի է ընկալել, որովհետև մեր կողմից իրականացվող բացառապես հումանիտար գործընթացը հանդիպում է սադրիչ և ոչ կառուցողական արձագանքի հենց Ադրբեջանի կողմից»,–ասաց նա:
Անդրադառնալով ռուսական կողմի արձագանքներին Սարգսյանը նշեց, որվ սահմանված կարգով դիմել են և արձագանքի են սպասում։
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր Հայաստանում հավատարմագրված դիվանագետների ու միջազգային կառույցների ներկայացուցիչներն այցելել էին Կոռնիձոր` ծանոթանալու իրավիճակին։
Ըստ Սարգսյանի, դա լավ հնարավորություն էր, որ նրանք ականատես լինեն` չնայած պնդումներին, թե Լաչինի միջանցքը բաց է բեռնատարների և մարդկանց տեղաշարժի համար, որ այն փաստացի փակ է:
Սարգսյանի խոսքով` այս այցը կնպաստի, որ միջազգային գործընկերները իրավիճակն արդեն շատ ավելի լավ և հանգամանալից պատկերացնեն:
«Մեր հիմնական նպատակը մնում է նույնը, հումանիտար բեռը ԼՂ տեղափոխելու մասով մեր ջանքերը շարունակական են, հուսանք` արձագանքները կվերածվեն ավելի գործուն քայլերի, և այս ամենը կնպաստի հումանիտար բեռը ԼՂ տեղափոխելուն»,- ասաց նա:
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։