ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Երևանում պաշտոնապես բացվել է Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի Հայրենադարձության և ինտեգրման առաջին կենտրոնը: Բացման արարողությանը ներկա է եղել նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Տեղեկությունը հրապարակվել է վարչապետի պաշտոնական կայքում։
Փաշինյանը նշել է, որ դա մեկ գործնական քաղաքական ուղերձ է, որ հայրենադարձությունը ցանկալի է։
«Կառավարությունն ուզում է ՀՀ վերադարձած ավելի ու ավելի շատ մարդկանց տեսնել: Օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքների բերումով կան որոշակի միտումներ, և մեր խնդիրն այն է, որ այդ միտումներին զուգահեռ նաև մեր պոտենցիալ հայրենադարձներին մատուցենք այնպիսի ծառայություններ, որոնց վերաբերյալ խոսակցությունները կոգևորեն ուրիշներին նույնպես քայլ անել դեպի հայրենադարձություն, դեպի Հայաստանի Հանրապետություն»,- ասել է նա։
Հայրենադարձության և ինտեգրման կենտրոնն իր տեսակով առաջինն է լինելու Հայաստանի Հանրապետությունում և գործելու է որպես միասնական ռեսուրս-կենտրոն հայրենադարձների համար։
Կենտրոնը հայրենադարձներին խորհրդատվական ու գործնական աջակցություն է տրամադրելու տարբեր ուղղություններով։ Կենտրոնի աշխատակիցը նախապատրաստելու և ուղեկցելու է հայրենադարձին ողջ ընթացքում՝ նրան ներկայացնելով ու ծանոթացնելով իրավական գործընթացներին, կրթական, առողջապահական, մաքսային, զբաղվածության, բիզնես գործունեություն ծավալելու և այլ հարցերում։
Կենտրոնն առաջարկում է հայերենի անվճար դասընթացներ, ինտեգրման ու իրազեկման անվճար սեմինարներ, օնլայն և օֆլայն տարաբնույթ միջոցառումներ, տեղեկատվական, կապերի հաստատման ու պոտենցիալ գործատուների հետ շփումներ և այլն: