Ուկրաինայի ԶՈւ-ն ակտիվացրել է մարտական գործողությունները. Պուտին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը. Արխիվային լուսանկար
Պուտինի խոսքով՝ ռուս զինվորներն ու սպաները հերոսության լավագույն օրինակներ են ցուցադրել:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ուկրաինայի զինված ուժերը վերջին օրերին զգալիորեն ակտիվացրել են ռազմական գործողությունները, հիմնական գործողությունները եղել են Զապորոժիեի ուղղությամբ։ Տեղեկությունը հայտնել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
«Հիմնական բախումները տեղի են ունեցել, ինչպես ասում են արևմուտքում, հիմնական, գլխավոր հարվածի ուղղությամբ՝ Զապորոժիեի ուղղությամբ», - ասել է Պուտինը լրագրողներին «Ռուսաստան-Աֆրիկա» գագաթնաժողովի շրջանակում:
Նա նշել է, որ այսպես կոչված լայնածավալ հակահարձակումը սկսվել է հուլիսի 4-ից: «Այդ մասին է վկայում նաև Ուկրաինայի զինված ուժերի, այսպես կոչված, ռազմավարական պահուստների գործարկումը», - ավելացրել է Ռուսաստանի նախագահը:
Պուտինի խոսքով՝ ռուս զինվորներն ու սպաները հատուկ գործողության գոտում զանգվածային հերոսության լավագույն օրինակներ են ցուցադրել:
«Երեկվա լուրջ մարտական գործողությունները Սևծովյան նավատորմի ծովային հետևակի 810-րդ բրիգադի և Հարավային ռազմական օկրուգի 58-րդ բանակի 42-րդ դիվիզիայի 71-րդ գնդի պատասխանատվության գոտում։ Առանց չափազանցության կարող եմ ասել, որ մեր զինվորներն ու սպաները զանգվածային հերոսության լավագույն օրինակները ցույց տվեցին», - ասել է Պուտինը։
Հիշեցնենք՝ 2022–ի փետրվարի 24-ի վաղ առավոտյան Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարեց, որ Ուկրաինայի նկատմամբ հատուկ ռազմական գործողության մասին որոշում է կայացրել, քանի որ ԼԺՀ-ն ու ԴԺՀ-ն դիմել են օգնության խնդրանքով։
Ուկրաինայում մարտական գործողություններն ընթանում են մինչ օրս։