ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ղազախական «Ակտոբե» ֆուտբոլային ակումբի պատվիրակությունը չի կարող մեկնել Վրաստան ռուսական UVT AERO ավիաընկերության չվերթով, քանի որ վերջինս գտնվում է Եվրամիության պատժամիջոցների տակ։ Այս մասին գրում է Sputnik Գրուզիան` վկայակոչելով երկրի քաղաքացիական ավիացիային։
Նշենք, որ ղազախական թիմը պետք է Վրաստան ժամաներ ՈւԵՖԱ-ի կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Տորպեդո» ակումբի հետ խաղալու համար։
UVT AERO ավիաընկերությունն արդեն ստացել է մերժում Քութայիսում վայրէջք կատարելու համար»։
«Նախնական հայտի համաձայն՝ չարտերային չվերթը պետք է իրականացներ ռուսական UVT AERO ավիաընկերությունը, որը գտնվում է ԵՄ սև ցուցակում։ Բացի այդ, օդանավի վրա, որով նախատեսվում էր ժամանել, սահմանափակում է դրվել արտադրողի կողմից։ Համապատասխանաբար, քաղավիացիայի գործակալությունը ավիաընկերությանը թռիչքի թույլտվություն չի տվել», - ասված է Վրաստանի քաղավիացիայի հայտարարությունում։
Մինչդեռ ֆուտբոլային ակումբում հայտարարել են, որ «Ակտոբե» ֆուտբոլային ակումբի պատվիրակության թռիչքները համաձայնեցված են եղել ամբողջ երթուղու համար։ Ինչ վերաբերում է օդանավի տեսակին, չվերթի համարին, ավիաընկերության պատկանելության մասին փաստաթղթերին, ապա ակումբից պնդում են, որ դրանք ժամանակին ուղարկվել են վրացական կողմին:
Նշենք, որ «Տորպեդո»–«Ակտոբե» հանդիպումը պետք է տեղի ունենա հուլիսի 27-ին Քութայիսում:
Լրատվամիջոցի տվյալներով՝ ղազախստանցի ֆուտբոլիստները Վրաստան կժամանեն ղազախական SCAT Airlines ավիաընկերության չվերթով։