ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Պարզվել է երեկ «Մերսեդես-Մայբախ» մակնիշի ավտոմեքենայով Երևանում պարեկին վրաերթի ենթարկած անձի ինքնությունը։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Հուլիսի 27-ին տեղեկացրել էինք, որ Էջմիածնի «Քիմիկների» զորամասից 44-օրյա պատերազմ մեկնած և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների ծնողերը փակել էին Բաղրամյան պողոտան և Բաղրամյան–Պռոշյան հատվածը։ Ակցիայի ժամանակ փողոցը հատել ցանկացող մեքենաներից մեկը վրաերթի էր ենթարկել մի պարեկի։
Գոռ Աբրահամյանը Sputnik Արմենիային հայտնեց, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը, որը մարդու առողջությանն անզգուշությամբ պատճառել է ծանր կամ միջին ծանրության վնաս)
«Պարեկային ծառայողը բուժօգնության է դիմել «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ նրա մոտ ախտորոշվել է միայն սալջարդ, և նույն օրը նա դուրս է գրվել հիվանդանոցից։ Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։ Նախաքննությունը շարունակվում է»,– ասաց նա։
Այսօր «Ժողովուրդ» թերթը գրել էր, որ Բաղրամյան պողոտայում պարեկին վթարի ենթարկած «Մայբախ» մակնիշի մեքենան պատկանում է «Կառուցապատողների հայկական» ասոցիացիայի հիմնադիր և խորհրդի անդամ Վահե Պետրոսյանին, բայց վրաերթի պահին ղեկին եղել է Վահե Պետրոսյանի վարորդը: