ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Հայաստանում գյուղատնտեսական արտադրության և արտահանման ծավալների ավելացման, գյուղատնտեսությունը որպես շահութաբեր բիզնես վերագործարկելու համար ՀՀ կառավարությունը մշակել է «ՀՀ ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը հաստատելու մասին» որոշման նախագիծ։ Այն այսօր ընդունվեց կառավարության նիստում առանց զեկուցման։
Ծրագիրը կիրականացվի 2023-2026 թթ։ 2023 թ–ի բյուջեով ջերմատների կառուցման ծախսերը գնահատվել են շուրջ 158.3 մլն դրամ։
Նախատեսվում է յուրաքանչյուր շահառուի ջերմատան կառուցման համար տրամադրել վարկ՝ առավելագույնը 8 տարի ժամկետով և 3 մլրդ դրամի չափով, որը համապատասխանում է շուրջ 4 հա մակերեսով ջերմատան կառուցմանը։
Շահառուի դիմումով կարող է սահմանվել վարկի մայր գումարի և տոկոսադրույքի համար արտոնյալ ժամկետ՝ առավելագույնը 12 ամիս։ Վարկավորումը նախատեսվել է 2023 թ–իօգոստոսի 1-ից հետո։
Ծրագրի շրջանակում յուրաքանչյուր շահառուի կողմից հիմնվող ջերմատան առավելագույն մակերեսի սահմանափակում չի նախատեսվում։ Ջերմատան կառուցման համար սահմանված առավելագույն ժամկետը 1․5 տարի է։
ՀՀ էկոնոմիկայի նախարարության գնահատմամբ` 35 հա ջերմատան շահագործման դեպքում պետական բյուջեի մուտքերը յուրաքանչյուր տարի եկամտային հարկի գծով կկազմեն շուրջ 168 մլն դրամ, իսկ 35 հա ջերմատան կառուցապատման դեպքում` շուրջ 490 մլն դրամ։
Նախագծի հիմնավորման մեջ նաև նշվում է, որ ՀՀ վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալներով՝ բանջարանոցային մշակաբույսերի համախառն բերքը 2021 թ–ին կազմել է 503.7 հազար տոննա, ինչը ներառում է 945 հա ջերմոցներից և ջերմատներից հավաքված 89.6 հազար տոննա բանջարանոցային մշակաբույսերի բերքը: