ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. ՄԱԿ-ը Ռուսաստանի հետ շփվել է Սևծովյան նախաձեռնության հետագա ճակատագրի հարցով։ Տեղեկությունը լրագրողներին հայտնել է համաշխարհային կազմակերպության ղեկավար Անտոնիո Գուտերեշը։
«Մենք կշարունակենք մեր շփումները բոլոր կողմերի՝ Թուրքիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի և գլոբալ շուկաների տեսանկյունից այլ համապատասխան երկրների հետ, որպեսզի վերականգնենք Սևծովյան նախաձեռնությունը։ Մենք նաև շփումներ ենք ունեցել ՌԴ-ի հետ»,- ասել է Գուտերեշը։
Հիշեցնենք` Սևծովյան հացահատիկային նախաձեռնությունը, որը 2022 թվականի հուլիսի 22-ին ստորագրեցին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչները, ենթադրում էր ուկրաինական հացահատիկի, պարենի և պարարտանյութերի արտահանումը Սև ծովով երեք նավահանգիստներից` ներառյալ Օդեսան։ Նավերի տեղաշարժի համաձայնեցմամբ զբաղվում էր Ստամբուլում տեղակայված Համատեղ համակարգող կենտրոնը։
Հացահատիկային նախաձեռնությունը փաթեթային պայմանավորվածության բաղկացուցիչ մաս էր կազմում։ Երկրորդ մասը՝ Ռուսաստան-ՄԱԿ հուշագիրը, որը նախատեսված էր երեք տարվա համար, նախատեսում էր Ռուսաստանից պարենի և պարարտանյութերի արտահանման ապաշրջափակում, հիմնական խնդիրների թվում նշվում էր «Ռոսսելխոզբանկի» վերամիավորումը SWIFT-ին, գյուղատնտեսական տեխնիկայի, պահեստամասերի և սպասարկման մատակարարումների վերսկսումը, «Տոլյատի-Օդեսա» ամոնիակատարի աշխատանքի վերականգնումը և մի շարք այլ միջոցառումներ: Մոսկվայում նշում են, որ փաթեթային պայմանավորվածության այդ մասը չի կատարվել։
Վլադիմիր Պուտինը բազմիցս ասել է, որ Արևմուտքը ուկրաինական հացահատիկի մեծ մասն արտահանում է իր երկրներ, իսկ գործարքի գլխավոր նպատակը՝ հացահատիկի մատակարարումը կարիքավոր երկրներին, այդ թվում՝ աֆրիկյան պետություններին, այդպես էլ չի իրականացվել։
Հացահատիկի գործարքը դադարեցվեց հուլիսի 18-ից, սակայն ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է` Ռուսաստանն անհապաղ կվերադառնա դրա իրականացմանը, երբ գործարքի՝ ՌԴ–ին առնչվող հատվածն իրականացվի։ Պուտինն ավելի վաղ նշել էր, որ Ռուսաստանի նկատմամբ գործարքի պայմանները չեն կատարվել՝ չնայած ՄԱԿ-ի ջանքերին, քանի որ արևմտյան երկրները չեն պատրաստվում կատարել խոստումները: