ԼՂ ԱԺ-ն դիմել է ՄԱԿ անդամ պետություններին Արցախի անկախության ճանաչման խնդրանքով

Արտահերթ նիստի ժամանակ
Պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել որոշման նախագծին։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. ԼՂ ԱԺ-ն դիմել է Միավորված ազգերի կազմակերպության անդամ պետություններին Արցախի անկախության ճանաչման խնդրանքով։ Ուղերձի նախագծին պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել։
Ուղերձում ընդգծվում էԱրցախի բնակչության նկատմամբ Ադրբեջանի կողմից իրականացվող ցեղասպան քաղաքականությունը և նրա բնակչության առջև ծառացած լրջագույն գոյաբանական սպառնալիքները՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նկատմամբ։
«Առավել քան համոզված ենք, որ ՄԱԿ անդամ պետությունների կողմից ԼՂ (Արցախի) Հանրապետության ճանաչումը մեր ժողովրդի համար կդառնա անվտանգության վստահելի երաշխիք, կնպաստի իր պատմական հայրենիքում նրա բնականոն կենսագործունեության համար բարենպաստ պայմանների ստեղծմանը, ինչպես նաև հարավկովկասյան տարածաշրջանում կայունության, երկարաժամկետ ու հաստատուն խաղաղության ապահովմանը. Խորապես համոզված ենք, որ վերահաս ողբերգությունը կանխելու միակ միջոցը Լեռնային Ղարաբաղի (Արցախի) Հանրապետության անկախության ճանաչումն է՝ ճանաչում հանուն փրկության սկզբունքի հիման վրա»,-ասված է ուղերձում :
Պատգամավորները միաձայն կողմ են քվեարկել որոշման նախագծին։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։