Կորեական պատերազմ. 70 տարի առաջ այն ավարտվեց, բայց փաստորեն շարունակվում է

Սահմանազատման գիծ Հուսիսային ու Հարավային Կորեաների միջև . Արխիվային լուսանկար
Շատերն են համոզված , որ 90-ական թվականներին մեր ամենամեծ թերացումներից մեկը եղել է այն, որ փայլուն հաղթանակ տանելով ադրբեջանցիների նկատմամբ, հայերը չստիպեցին պարտված կողմին խաղաղության պայմանագիր կնքել։
Sputnik
Չնայած իրավացիորեն կարող եք փաստել՝ անցած տարիներն ապացուցեցին, որ Բաքուն, ուժեղանալով, թքած ունի ցանկացած համաձայնագրի և պայմանավորվածության վրա։ Բոլոր դեպքերում, ստորագրելով հրադադարի մասին Բիշքեկյան փաստաթուղթը, մենք հայտնվեցինք ոչ պատերազմ, ոչ խաղաղություն վիճակում։ Այ, հենց այդ վիճակում են գտնվում մինչև հիմա երկու Կորեաները։
Ուղիղ 70 տարի առաջ՝ 1953 թվականի հուլիսի 27-ին Հյուսիսային և Հարավային Կորեաները հրադադար կնքեցին ու ռազմական գործողությունները դադարեցին։ Սակայն ֆորմալ տեսակետից պատերազմը շարունակվում է, թեև գրեթե բոլորն արդեն վաղուց մոռացել են դրա մասին։ Այնինչ այս պատերազմը, որտեղ կորեացին կորեացու դեմ էր կռվում, ամենադաժաններից մեկն էր աշխարհի պատմության ընթացքում։
Տեսեք։ 1950 թվականից, երբ սկսվեցին ռազմական գործողությունները, մինչև 1953 թվականը, երբ հաստատվեց զինադադարը, զոհվեց մոտ 3 միլիոն մարդ, իսկ խաղաղ բնակչության շրջանում կորուստները տոկոսային հարաբերակցությամբ ավելին էին, քան Երկրորդ համաշխարհային և Վիետնամական պատերազմների ընթացքում։ Ոչնչացվեցին երկու Կորեաների գրեթե բոլոր խոշոր քաղաքները, երկու կողմերն են իրականացրին հազարավոր զանգվածային սպանություններ։ Հյուսիսային Կորեան դարձավ ամենառմբակոծված երկիրն աշխարհում։
Ասուլիսային հեգնանք. ՀՀ-ում կես մլն ստացող ուսուցիչ կա՞, ԱՄՆ-ում էլ մարդ կա` 200 մլրդ ունի
Մենք հիմա անընդհատ բողոքում ենք, թե ՄԱԿ-ը բոլորովին անտարբեր է Արցախի ու Հայաստանի նկատմամբ և որևէ կոնկրետ գործողություն չի նախաձեռնում հայերին պաշտպանելու համար, շատ լավ իմանալով, որ Ադրբեջանը Թուրքիայի ամենաանմիջական օգնության շնորհիվ ոչ միայն հնարավորություն ունի ուժով լուծելու բոլոր հարցերը, այլև արել է դա։ ՄԱԿ-ն արդարանում է՝ բայց մեր կազմակերպությունը երբեք չի կռվել որևէ համակարտության այս կամ այն մասնակցի կողմում։ Բացարձակ սուտ։ Հենց Կորեական պատերազմի ժամանակ ՄԱԿ-ը բազմաթիվ երկրներից կոալիցիա ստեղծեց Հարավային Կորեան պաշտպանելու համար։ Չլինեին ՄԱԿ-ի դրոշի ներքո միավորված տարբեր երկրների ստորաբաժանումները, ողջ Կորեական թերակղզին վաղուց արդեն սոցիալիստական կլիներ։
Իսկապես, պատերազմի առաջին օրերը շատ շահեկան էին Հյուսիսային Կորեայի բանակի համար, որը կայծակնային արագությամբ գրավեց ոչ միայն Հարավային Կորեայի տարածքի մեծ մասը՝ 90 տոկոսը, այլև մայրաքաղաք Սեուլը։ Եվ Հարավային Կորեայի վերջնական կործանումը կանխելու համար ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը ստեղծեց միավորված ռազմական հրամանատարություն, ու նաև նկատեք՝ թույլ տվեց օտարերկրյա զորքերին Կորեայում գործողություններ ծավալել ՄԱԿ-ի դրոշի ներքո։
Իսկ հիմա, դեմքի զարմացած արտահայտություն ընդունելով, ՄԱԿ-ի չինովնիկները մեզ ասում են՝ ինչպես թե, ՄԱԿ-ը հո չի կարող կանգնել հակամարտության մասնակիցներից մեկի կողքին, մենք պետք է պահպանենք չեզոքությունը։ Համաձայնեք, շատ տարօրինակ չեզոքություն է՝ հանգիստ հետևել, թե ինչպես են տասնյակ հազարավոր արցախցիներ տառապում սննդի և դեղորայքի բացակայությունից, իսկ երբ հասարակ քաղաքացիները սնունդ են բերում ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի դիմաց, անմեղ տոնով ասել՝ մենք ոչինչ չենք կարող անել, թող ձեր կառավարությունը փորձի հասցնել այս ամենը Ստեփանակերտ։
Իհարկե, 70 տարի առաջ Հարավային Կորեային օգնելու համար իրենց զինվորականներին էին ուղարկել 10-ից ավելի երկրներ, նույնիսկ գաճաճ Լյուքսեմբուրգը, բայց բոլորը հրաշալի գիտեին՝ կռվում են հիմնականում ամերիկացիները։ Հյուսիսային Կորեային էլ անթաքույց սատարում էր Չինաստանը, Խորհրդային Միությունը առանձնապես չէր գովազդում իր մասնակցությունը՝ Իոսիֆ Ստալինը սկզբում ընդհանրապես չէր ուզում միջամտել, նրա համար ամենակարևորը Եվրոպան էր։ Եվ օգտվելով Սովետի այդ հարաբերական պասիվությունից, ամերիկացիները հետզհետե հյուսիսցիներին դուրս մղեցին հարավից։
Վերափոխված Թուրքիայի 100 տարին. ուղիղ 1 դար առաջ փլուզվեց Օսմանյան կայսրությունը
Որոշ մասնագետներ մինչև հիմա համոզված են՝ դա Ստալինի աններելի սխալն էր։ Օրինակ, Հենրի Քիսինջերը մի առիթով ասել է. «Ամենամեծ պարտությունը Կորեական պատերազմում կրեց հենց Խորհրդային Միությունը, քանզի հակառակ Չինաստանի համառ հորդորներին, Ստալինն այդպես էլ զորքեր չուղարկեց Կորեա, ինչի պատճառով Պեկինն ու Մոսկվան ի վերջ գժտվեցին»։
Որքա՞ն կտևի Կորեական մոռացված պատերազմը և արդյոք գերմանացիների օրինակով կորեացիներն էլ կմիավորվեն մեկ պետության մեջ։ Կներեք, իսկ ով կհամարձակվի այս պահին ասել, թե ինչպես կդասավորվի ղարաբաղցիների ճակատագիրը և արդյոք մոտ ժամանակներս բարիդրացիական հարաբերություններ կհաստատվեն հայերի և ադրբեջանցիների միջև։ Ինչպես ասում էր Անատոլ Ֆրանսը. «Ապագան հստակ չեն պատկերացնում նույնիսկ նրանք, ովքեր կերտում են այդ ապագան»։