ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Կարմիր խաչի միջազգային կոմիտեն Լեռնային Ղարաբաղից բուժառուների նոր խումբ է տեղափոխում Հայաստան։ Տեղեկությունը Sputnik Արմենիայի հետ զրույցում հաստատեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։
Տեղափոխված անձանց թիվը կհստակեցվի, երբ նրանք հասնեն Հայաստան։
Ավելի վաղ ադրբեջանական ԶԼՄ-ները հայտնել էին, որ 12 բուժառու, 11 ուղեկցող և 1 բուժքույր է տեղափոխվում Հայաստան։
Ըստ տելեգրամյան որոշ ալիքների` ադրբեջանցի բժիշկները զննել են հիվանդներին։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։