Ինչպես է ԼՂ ճգնաժամն ազդում երեխաների վրա. Մարգարյանը հանդիպել է UNICEF–ի ղեկավարին

Մհեր Մարգարյանն ու Քեթրին Ռասելը
Լեռնային Ղարաբաղը շրջափակելով` Ադրբեջանը նպատակ է հետապնդում անհնարին դարձնել 30000 երեխաների ու նրանց ընտանիքների կյանքը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 ապրիլի – Sputnik. ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի (UNICEF) գործադիր տնօրեն Քեթրին Ռասելի հետ և ներկայացրել Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ավելի քան 7 ամիս շարունակվող արգելափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամի ազդեցությունը երեխաների վրա։ Տեղեկությունը հրապարակվել է ՄԱԿ–ում Հայաստանի մշտական ներկայացուցչության կայքում։
Հանդիպմանը ընդգծվել է, որ շարունակվող շրջափակումը հատկապես ծանր հումանիտար հետևանքներ է առաջացրել երեխաների համար՝ խափանելով դպրոցների ու նախակրթարանների գործունեությունը, առողջապահական ծառայությունների մատուցումը և առաջացնելով սննդի, դեղորայքի ու այլ կենսական ապրանքների խիստ կարիք։
Նշվել է, որ Լեռնային Ղարաբաղը շրջափակելով` Ադրբեջանը կոպտորեն խախտում է ավելի քան 30000 երեխաների հիմնարար իրավունքները և նպատակ է հետապնդում նրանց ու նրանց ընտանիքների կյանքը Լեռնային Ղարաբաղում անհնարին դարձնել։
Կարևորելով հակամարտային իրավիճակներում երեխաների պաշտպանության հարցում UNICEF-գործառույթները՝ ՀՀ մշտական ներկայացուցիչն ընդգծել է, որ ահագնացող հումանիտար ճգնաժամը պահանջում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի անմիջական ներգրավվածությունը՝ երեխաների առաջնային կարիքները հոգալու և նրանց իրավունքները պաշտպանելու նպատակով։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։