ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Հայաստանում այս տարվա երկրորդ եռամսյակում լրագրողների և լրատվամիջոցների դեմ 16 հայց է ներկայացվել, որից 11–ը իշխող քաղաքական ուժի կամ պաշտոնյաների կողմից, 5–ը` գործարար շրջանակներից։ Տեղեկությունը հրավիրված ասուլիսում հայտնեց Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։
Աշոտ Մելիքյան
© Sputnik / Aram Nersesyan
Նա նշեց, որ այդ ցուցանիշն առաջին կիսամյակի համեմատ կրկնակի աճել է։
Նրա խոսքով` որպես կանոն անտեսվում են արտադատական լուծումները, որոնցից են` դիմել խմբագրություն, հերքում պահանջել կամ պատասխանի իրավունքից օգտվել, ԶԼՄ–ների էթիկայի կարգավորման դիտորդ մարմնին դիմել և այլն։
«Դա այն մտքին է հանգեցնում, որ այդ հայցվորները հիմնականում փորձում են հաշիվ մաքրել լրագրողների կամ լրատվամիջոցների հետ, ճնշել նրանց։ Ամենացցուն օրինակը, թերևս, Տիգրան Ավինյանի հայցն է ընդդեմ «168 ժամի» և լրագրող Դավիթ Սարգսյանի»,–ասաց Մելիքյանը։
Նրա խոսքով`տվյալ դեպքում հայցվորն օրենքով նախատեսված դրամական փոխհատուցման ամենաբարձր շեմից է օգտվել։ Ավինյանը պահանջել է 9 մլն դրամ փոխհատուցում, ավելին` նա նաև միջնորդություն է ներկայացրել դատարան, որպեսզի այդ հայցագրի չափով կալանք կիրառվի պատասխանողների գույքի և բանկային հաշիվների վրա։
Մելիքյանի խոսքով` դա աննախադեպ երևույթ էր, որը միջազգային նորմերի` նույն Եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի կոպտագույն անտեսում է։
«Միջազգային նորմերն ու մեր օրենսդրությունն ասում են, որ արգելանք կարելի է դնել այն դեպքում, երբ կա համոզմունք, որ չդնելու պարագայում հնարավոր չէ կատարել դատական ակտը, մինչդեռ այստեղ որևէ վտագ նկատելի չէր։ Համարում ենք, որ դատական գործերն ընդդեմ լրագրողների և լրատվամիջոցների` ունեն ճնշելու, հաշիվ մաքրելու միտում»,–ասաց նա։
Մելիքյանը հավելեց, որ եռամսյակի ընթացքում հայտնաբերվել էնաև երկու դեպք, երբ խոչընդոտվել է լրագրողների աշխատանքը, նրանց նկատմամբ անբարեհաճ վերաբերմունք է ցուցաբերվել։ Այս պարագայում լրատվամիջոցն է դիմել դատարան ըննդեմ իրեն վիրավրողի։
«Սա բավականին հետաքրքիր միտում է, որը միշտ չէ, որ կիրառվում է»,–ասաց Մելիքյանը։
Նա հայտնեց նաև, որ ուշի ուշով հետևելու են, թե ինչպես իրենց կպահեն դատարանները։ Մելիքյանի խոսքով` այժմ նման մոնիթորինգ են իրականացնում և անպայման կհրապարակեն արդյունքները։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը նաև հավելեց, որ այս եռամսյակում, ինչպես նաև նախորդ եռամսյակում, չեն եղել ֆիզիկական բռնություններ ընդդեմ լրագրողների։ Փոխարենը եղել են 18 տարատեսակ ճնշումներ լրագրողների և լրատվամիջոցների նկատմամբ։ 24 խախտում էլ եղել է տեղեկություններ ստանալու և տարածելու իրավունքի հետ կապված։