ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետները վաղը կմեկնեն Կոռնիձոր

Կոռնիձոր ուղարկված բեռնատարները. Արխիվային լուսանկար
Արցախ հումանիտար բեռ տեղափոխող 19 բեռնատարներն արդեն 20 ժամից ավելի Կոռնիձորի սահմանային հատվածում են։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Վաղը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական կորպուսի և միջազգային կառույցների ներկայացուցիչները կայցելեն Կոռնիձոր, որտեղ գտնվում են Արցախ հումանիտար բեռ տեղափոխող 19 բեռնատարերը։ Այս մասին Կոռնիձորում լրագրողներին ասել է ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը, տեղեկանում ենք Հանրային հեռուստաընկերությունից։
Նշենք, որ հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։
Նա նշել է, որ չնայած ադրբեջանական կողմի պնդումներին, թե Լաչինի միջանցքը բաց է, կենսական նշանակության առաջին անհրաժեշտության ապրանքներով 19 բեռնատար արդեն 20 ժամից ավելի Կոռնիձորի սահմանային հատվածում է։
Սարգսյանի խոսքով` բեռնատարների վերադառնալու մասին խոսք չկա, նրանք այնտեղ են, որտեղ տեղակայվել են` Կոռնիձորի հատվածում, նոր զարգացում չկա, սպասում են պատասխանի` բեռների տեղափոխման գործընթացը կազմակերպելու նպատակով:
«Մեր առաջնային նպատակը եղել և մնում է հումանիտար օգնությունը ԼՂ ժողովրդին հասցնելը, այս նպատակին են ուղղված հայկական կողմի բոլոր ջանքերը»,- նշեց նա:
Հարցին` բեռնատարները որքան ժամանակ կմնան Կոռնիձորի սահմանային հատվածում, Սարգսյանը պատասխանեց.
«Հստակ ժամկետների մասին խոսել չեմ կարող, որովհետև մենք ի սկզբանե այս գործընթացի մեջ ներգրավվել ենք հումանիտար բեռը ԼՂ հասցնելու նպատակով, ոչ թե ժամկետներ որոշելու համար»:
ՀՀ–ում հավատարմագրված դիվանագետների Կոռնիձոր մեկնելու մասին ավելի վաղ ասել էր նաև ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը` չբացառելով որևէ սցենար։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։