Հակառուսական պատժամիջոցները չեն խանգարի Հայաստանում նոր ատոմակայանի կառուցմանը. Զավալնի

Հայկական ԱԷԿ
ՌԴ Պետական Դումայի էներգետիկայի կոմիտեի ղեկավարի խոսքով՝ Ռուսաստանում միջուկային վառելիքի ցիկլը փակելու նախագիծ են իրականացնում, ինչը թույլ կտա լուծել ռադիոակտիվ թափոնների խնդիրը:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի - Sputnik. Արևմտյան պատժամիջոցները ոչ մի կերպ չեն ազդի միջուկային էներգետիկայի ոլորտում հայ-ռուսական ծրագրերի իրականացման վրա։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության Պետական Դումայի էներգետիկայի հարցերով հանձնաժողովի նախագահ Պավել Զավալնին՝ ելույթ ունենալով «Ռոսիա սեգոդնյա» միջազգային մուլտիմեդիոն մամուլի կենտրոնում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Պատասխանելով Sputnik Արմենիայի հարցին՝ նա նշեց, որ ատոմային ոլորտն ամենապաշտպանվածներից է` հաշվի առնելով, որ Ռուսաստանն ատոմակայաններ կառուցելու համար անհրաժեշտ ամեն ինչ ունի։ Զավալնին հիշեցրեց, որ այսօր մոլորակի տարբեր կետերում «Ռոսատոմը» 3+ սերնդի 1200 Մվտ հզորությամբ 35 առաջադեմ» էներգետիկ բլոկների կառուցման նախագծեր է իրականացնում:
2023 թվականի հունիսին «Եվրասիան մեր տունն է» ցուցահանդեսի ժամանակ Ռուսաստանի վարչապետ Միխայիլ Միշուստինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է Հայաստանի գործընկերների հետ քննարկել նոր ատոմակայանների կառուցման ֆինանսական հարցերը, ինչպես նաև բլոկների հզորության պարամետրերը։
«Հայաստանում շահագործվում է ռուսական արտադրության ատոմակայանը։ Ողջունում ենք ատոմային էներգիայի օգտագործման ընդլայնումը։ Էներգիայի այս տեսակում, շարունակական միջուկային ցիկլի տեխնոլոգիայի ի հայտ գալով, լավ հեռանկար է հայտնվում»,-ընդգծել է Զավալնին։
Նրա խոսքով՝ Տոմսկի մերձակայքում՝ Սևերսկում, «Ռոսատոմի» «Սիբիրյան քիմիական կոմբինատ» ձեռնարկության հարթակում, արդեն իրականացվում է ԲՐԵՍՏ-ՕԴ-300 նախագիծը՝ միջուկային վառելիքի ցիկլի ամբողջական փակման առաջին փորձը։ Նման ցիկլում աշխատած միջուկային վառելիքի ռադիոակտիվությունը բնական ֆոնը չի գերազանցի։
«Միջուկային ցիկլի փակումը թույլ կտա ազատվել միջուկային թափոնների խնդրից։ Ներկայումս ամենասուր խնդիրը միջուկային թափոնների թաղումն է։ Դրանք շատ ռադիոակտիվ են: Սա խնդիր է, որի պատճառով շատ երկրներ, ինչպիսիք են Գերմանիան և այլ երկրներ, հրաժարվում են ատոմային էներգիայից: Սա խնդրի լուծում է և լավ ազդեցություն կունենա գալիք տասնամյակների համար։ Առավել ևս, որ նոր կառուցվող ռեակտորների ծառայության ժամկետը 80-100 տարի է»,-ասել է էներգետիկայի կոմիտեի նախագահը։
Նա նշեց, որ երկրագնդի բոլոր բնական ռեսուրսներն ու պաշարները այն ներուժի, որը տալիս է միջուկային վառելիքի ցիկլի փակումը, ընդամենը 15%-ն են կազմում։ Զավալնին նաև հավելեց, որ Ռուսաստանում հետազոտություններ են ընթանում ջերմամիջուկային ռեակցիայի խաղաղ օգտագործման ոլորտում:
Առաջին ջերմամիջուկային ռեակտորը կառուցվում է Ֆրանսիայում Ռուսաստանի մասնակցությամբ։ 2025 թվականին պետք է կատարվեն այդ ռեակտորի առաջին ֆիզիկական գործարկումները։
Ավելի վաղ հայտնել էինք, որ վարչապետ Փաշինյանը ստորագրել է Հայաստանում նոր ատոմային էներգաբլոկի կառուցման միջգերատեսչական խումբ ստեղծելու մասին որոշումը:
ԱՄՆ-ն ինքն էլ չգիտի` ինչ է առաջարկում. ՀՀ-ում նոր ատոմակայանի ինչ տարբերակ ունի Ռուսաստանը