«Դոգ» մականունով Վարդան Ղուկասյանը հանցավոր կազմակերպություն է ստեղծել. ՔԿ

Վարդան Ղուկասյան. Արխիվային լուսանկար
Զբաղվածության պատրանք ստեղծելու և օրինական շահույթ ստանալու նպատակով Ղուկայանը ստեղծել է «Հանրային ձայն» կուսակցությունը, ինչպես նաև համանուն տաքսի և անվտանգության ծառայությունները:
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներ՝ «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանը և Արտակ Գալստյանը հանցավոր կազմակերպություն են ստեղծել ։ Նրանց նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին տեղեկանում ենք Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից։
Նշվում է, որ 2021թ. կեսերին Ղուկասյանը և Գալստյանը ստեղծել և ղեկավարել են 10 անձից բաղկացած հանցավոր կազմակերպություն, որը անձանց և կազմակերպությունների վերաբերյալ արատավորող տեղեկությունները հրապարակելու սպառնալիքով գույքային միջոցներ կամ գույքի նկատմամբ իրավունքներ է ձեռք բերել, խարդախությամբ գումարներ է հափշտակել, զբաղվել է փողերի լվացմամբ, ինչպես նաեւ անհարգալից վերաբերմունք են ցուցաբերել դատավորների նկատմամբ:
«Քննության ներկա փուլում արդեն իսկ պարզվել են հանցավոր սխեմայով տարբեր անձանցից շանտաժի միջոցով շորթում կատարելու 4 դրված։ Այդ անձանցից պահանջվող գումարները կազմել են ընդհուպ մինչև 500 հազար ԱՄՆ դոլարին համարժեք դրամ կամ գույքային միջոցներ»,–ասված է հաղորդագրությունում։
Քննության տվյալներով ՝ Ղուկասյանն ու խմբավորման մյուս անդամները հավաքագրել, մշակել են տարբեր անձանց, այդ թվում ՝ իրավապահ մարմինների ղեկավարների և դատավորների վերաբերյալ տեղեկություններ և նյութեր, որպեսզի հնարավորություն ունենան ազդելու լուրջ սոցիալական և քաղաքական որոշումների կայացման վրա, վերահսկելու պետական մարմինների գործունեությունը:
Զբաղվածության պատրանք ստեղծելու և օրինական շահույթ ստանալու, ինչպես նաև հանցավոր կազմակերպության նպատակները թաքցնելու համար ստեղծվել է «Հանրային ձայն» կուսակցությունը, ինչպես նաև համանուն տաքսի և անվտանգության ծառայությունները:
Կալանավորվել է նաև Վարդան Ղուկասյանի` «Դոգի» մյուս քույրը` Կարինե Ղուկասյանը
«Քննությամբ նախնական տվյալներ են ձեռք բերվել նաև առերևույթ հանցավոր խմբավորման անդամներից մեկի կողմից պետական դավաճանություն կատարելու վերաբերյալ։ Այդ մասին նյութերը, քննության առարկա դարձնելու նպատակով, ուղարկվել են այլ նախաքննական մարմին», - նշված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։
Հիշեցնենք, որ մայիսի 25–ին մեղադրանք էր առաջադրվել Վարդան Ղուկասյանին, «Հանրային ձայն» կուսակցության ղեկավար Արտակ Գալստյանին, ինչպես նաև երկու այլ անձանց` խմբի կազմում քաղաքացի Տ․Ա․-ից (Տիգրան Արզաքանցյան– խմբ.) 53.806.500 դրամին համարժեք 110.000 դոլար գումար շորթելու համար։ Ղուկասյանը միջազգային հետախուզման մեջ է։