Դիմել ենք Ադրբեջանին, պատասխան չկա. Սարգսյանը` Արցախ ուղարկվող հումանիտար բեռի մասին

Արխիվային լուսանկար
ԼՂ հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցչի խոսքով` գործընթացը պահանջում է ըմբռնում, համբերատար մոտեցում և քայլերի որոշակի հաջորդականություն։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Հայկական կողմը Կոռնիձորում գտնվող 400 տոննա հումանիտար բեռն Արցախ ուղարկելու համար դիմել է ՌԴ խաղաղապահներին և համապատասխան օղակներով՝ Ադրբեջանին, բայց դեռ որևէ պատասխան չի ստացել։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց ԼՂ հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խմբի ներկայացուցիչ Վարդան Սարգսյանը:
Նշենք, որ Հայաստանից Արցախ ուղարկվող 400 տոննա հումանիտար օգնությամբ 19 բեռնատար 20 ժամ է, ինչ Կոռնիձորի հատվածում է, բայց դեռ որևէ տեղաշարժ չկա։
«Գործընթացը պահանջում է ըմբռնում, համբերատար մոտեցում և քայլերի որոշակի հաջորդականություն։ Սահմանված կարգով դիմել ենք ՌԴ խաղաղապահներին և համապատասխան օղակներով՝ Ադրբեջանին, բայց դեռ որևէ պատասխան չենք ստացել»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ հուլիսի 25–ին ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Լեռնային Ղարաբաղում հումանիտար ճգնաժամի կառավարման հարցով զբաղվող աշխատանքային խմբի հերթական նիստը։ Աշխատանքային խումբը որոշումներ է կայացրել Լեռնային Ղարաբաղի բնակչությանը պարենային և բժշկական հրատապ հումանիտար աջակցության վերաբերյալ:
Հուլիսի 26-ին մարդասիրական օգնությամբ բեռնված ավտոմեքենաները Երևանի Ստեփան Շահումյանի անվան հրապարակից ուղևորվեցին Արցախ։
2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։