Չենք կարող թույլ տալ, որ մարդասիրական ճգնաժամը սրվի․ Լիտվայի ԱԳՆ–ն` Արցախի մասին

Խանութ
Լիտվայի ԱԳՆ–ն նույնպես աջակցել է Ժոզեպ Բորելի հայտարարությանը։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Լիտվայի արտգործնախարարությունը պատասխանատու կողմերին կոչ է անում թույլ տալ Լեռնային Ղարաբաղի բնակչությանը տրամադրել կարևոր մարդասիրական օգնություն և ապահովել անարգել տեղաշարժ Լաչինի միջանցքով` համաձայն Արդարադատության միջազգային դատարանի որոշման։ Այս մասին գրված է նախարարության Twitter– յան իր էջում։
Երեկ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ Ադրբեջանի իշխանությունները պարտավոր են ամենակարճ ժամկետում երաշխավորել անվտանգությունն ու ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով և թույլ չտալ հետագա էսկալացիա։
«Մենք չենք կարող թույլ տալ, որ մարդասիրական ճգնաժամը սրվի»,- շեշտել է Լիտվայի ԱԳՆ–ն։
Բորելի հայտարարությանն ավելի վաղ անդրադարձել էր նաև Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Անն Բուայոնը։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։