Արցախը ձեր օգնության կարիքն ունի. հայ աստղերը ֆլեշմոբ են անում` դիմելով աշխարհին

Գարիկ Պապոյան
Ճանաչված հայերը հրապարակումներին կից նշել են միջազգային մի շարք կառույցների անվանումներ։
Sputnik
ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Հայկական շոու բիզնեսի ներկայացուցիչները սոցցանցերում յուրահատուկ ֆլեշմոբ են սկսել ի աջակցություն Արցախի, որը դեկտեմբերի 12-ից գտնվում է ադրբեջանական շրջափակման մեջ։
Միջազգային հանրությանը կոչով դիմել են հաղորդավար, երգիչ Գարիկ Պապոյանը, երգչուհի Իվետա Մուկուչյանը, «Մանկական Եվրատեսիլ 2021»-ի հաղթող Մալենան, երգիչ Արամ MP3-ն ու երգչուհի Սոնա Ռուբենյանը։
Ֆլեշմոբին են միանում նաև ճանաչում ունեցող այլ անձինք, բլոգերներ, որոնք մեծ լսարան ունեն։
Նրանք պատմում են, որ Լաչինի միջանցքը կյանքի ճանապարհ է, որն Արցախը միացնում է Հայաստանին և ամբողջ աշխարհին։
«Ավելի քան 120 հազար հայ այժմ գոյատևում է ծանր պայմաններում՝ առանց անհրաժեշտ սննդի, դեղորայքի և կենցաղային այլ կարևոր պարագաների: 30 000 երեխա, 20 000 մեծահասակ, առողջական խնդիրներով 9000 մարդ և 2000 հղի կին օգնության կարիք ունեն, բայց աշխարհը լուռ է․․․ »,–ասում են նրանք իրենց ուղերձներում։
Նրանք շեշտում են` կա մեկ իրականություն` Արցախում մարդիկ սովամահ են լինում, որը մարդկային աղետ է և անհապաղ լուծում է պահանջում։
«Խնդրին միջամտելու խնդրանքով մենք դիմում ենք ՄԱԿ-ին և քաղաքակիրթ աշխարհին։ Բացե՛ք Լաչինի միջանցքը։ Մենք ձեր օգնության կարիքն ունենք»,- ասում են ճանաչված հայերը և հետևորդներին հորդորում են տարածել իրենց տեսաուղերձը։
Հավելենք, որ նրանք հրապարակումներին կից նշել են միջազգային մի շարք կառույցների անվանումներ։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության շուրջ 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։