ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Արցախում Ալիևի կողմից կանխամտածված էթնիկ զտումների արշավը ծավալվում է միջազգային հանրության աչքի առաջ։ Twitter-ի իր էջում այս մասին գրել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Ֆրենկ Փալոնը։
«Պետքարտուղարությունը և միջազգային հանրությունը պետք է ցույց տան, որ դա անընդունելի է և պատժամիջոցներ սահմանեն։ Միջանցքը վերաբացելու անկարողությունը ահռելի հումանիտար ճգնաժամ կառաջացնի»,- գրել է նա։
Հիշեցնենք` 2022–ի դեկտեմբերի 12-ին քաղաքացիական հագուստով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակեցին Արցախը Հայաստանին կապող Ստեփանակերտ-Գորիս մայրուղին, որտեղից հեռացան ապրիլի 28-ին, քանի որ ապրիլի 23-ին Ադրբեջանն անցակետ տեղադրեց Լաչինի ճանապարհի վրա` այն ամբողջությամբ առնելով իր վերահսկողության տակ։ Արցախը զրկվել է նաև Հայաստանից մատակարարվող գազից և էլեկտրաէներգիայից։
Հուլիսի 26-ին առաջին անհրաժեշտության 400 տոննա ապրանքով բեռնված 19 մեքենա Երևանից ուղևորվել են ավելի քան 225 օր շրջափակման մեջ գտնվող Արցախ։ Բեռնատարները հասել են Կոռնիձոր և կանգ առել․ Ադրբեջանի կողմից արգելափակված Լաչինի միջանցքով ճանապարհը շարունակելու համար սպասում են ՌԴ խաղաղապահների պատասխանին։