ԵՐԵՎԱՆ, 27 հուլիսի – Sputnik. Ալթայի Հանրապետությունում կործանված ուղղաթիռի` զոհված համարվող երկու ուղևորները ողջ են։ Տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով տարածաշրջանի արտակարգ իրավիճակների նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությանը։
Փրկարարները կարծել են, որ այդ մարդիկ բեկորների տակ են մնացել, սակայն ավելի ուշ պարզվել է, որ նրանք ինքնուրույն դուրս են եկել ուղղաթիռից և շոկային վիճակում հասել հիվանդանոց: Նրանց մոտ թեթև աստիճանի վնասվածքներ են ախտորոշվել։
«Այսպիսով, ըստ վերջին տվյալների, զոհվածները չորսն են, 10-ը տուժել են, ուղղաթիռում գտնվողներից երկուսը չեն տուժել», - հայտնել են գլխավոր վարչությունից:
Ավելի վաղ, հղում անելով տրանսպորտային դատախազությանը, հաղորդվել էր, որ այսօր` տեղական ժամանակով ժամը 15։00-ի սահմաններում, Ալթայի Հանրապետության Ուստ Կոքկսինսկի շրջանի Տյունգուր գյուղի շրջանում տեղի է ունեցել «ԱլթայԱվիա» ընկերությանը պատկանող Մի-8T ուղղաթիռի վթար: Հարուցվել է քրեական գործ։ Ուղղաթիռում, ընդհանուր առմամբ, եղել է 16 մարդ, որոնցից երեքն անձնակազմի անդամներ են։ Վթարից հետո բռնկվել է։